Արցախի պետական համալսարան

 

IMG 2291   IMG 23033

IMG 23083   IMG 23233

ԱրՊՀ-ՀՊՄՀ համագործակցությունը վերջին շրջանում շոշափելի արդյունքներ է գրանցում: Ի թիվս այլ նախաձեռնությունների` ՀՊՄՀ դասախոսներ հ.գ.թ., պրոֆեսոր Սուսաննա Փիլոսյանը, հ.գ.թ., դոցենտ Լևոն Սարգսյանը, մ.գ.թ., դոցենտ Լևոն Նազարյանը ԱրՊՀ-ում հանդես են եկել դասախոսություններով:

ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Միրա Յարամիշյանը նշում է, որ գործընկեր համալսարանի դասախոսները նեղ մասնագիտական դասախոսություններ և գործնական պարապմունքներ են վարել մանկավարժության և հոգեբանության մագիստրատուրայում:

«Ուղղման և դաստիարակության տեսություն», «Անձի զարգացման հոգեբանության տեսություն», «Մասնագիտության արդի խնդիրներ» դասընթացների շրջանակներում բանախոսները ծանրացել են նեղ մասնագիտական մի շարք հարցերի վրա, ուսանողների մասնակցությամբ կազմակերպել բանավեճ-քննարկումներ:

«Ընդհանուր առմամբ բանախոսներն ու ուսանողները գոհ են արդյունքներից: Ուսանողների համար սա նոր շփումների, մանկավարժական և հոգեբանական մտքի արդի ձեռքբերումներին, մասնագիտության խնդիրներին և դրանց լուծման ուղիներին ծանոթանալու հնարավորություն է»,- նկատում է ամբիոնի վարիչը:

Ուսանողները ոգևորված են հրավիրված դասախոսների ներկայությունից, նրանց վարած դասախոսությունների որակից և մեթոդներից:

«Ուսումնական գործընթացում այլ բուհերից մասնագետների ներգրավումը դրական է անդրադառնում ուսանողներիս վրա առաջին հերթին մասնագիտական առումով: Բացի այս, նաև նոր ծանոթությունների, մասնագիտական թեմաների շուրջ հետաքրքիր քննարկումներ ծավալելու և շփումների հնարավորություն է»,- համոզված են ուսանողները: