Արցախի պետական համալսարան

 

IMG 5250   IMG 5275

IMG 5258   IMG 5262

Հայաստանի Հանրապետության ԱԺ մի խումբ խորհրդարանականներ Գանձասարի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման 777-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում դասախոսություններով հանդես են եկել Արցախի մայր բուհում:

Նախքան դասախոսությունների մեկնարկը` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունից ժամանած պատվիրակությանը, և քննարկվել են շարունակական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, ձեռք բերվել պայմանավորվածություններ:

Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, ով համակարգում է միջոցառումը, նշել է, որ ԱրՊՀ-ում մասնագիտական դասախոսություններով հանդես գալու գաղափարը հայաստանյան գործընկերներինն է. «Մայր բուհում դասախոսություններով հանդես գալը մեր կողմից նախատեսված միջոցառումների միայն մի մասն է կազմում: Այն նպատակ ունի մասնագիտական օժանդակություն ցուցաբերել մի շարք մասնագիտությունների գծով»:

Ռեկտորի հետ ունեցած հանդիպումից հետո խորհրդարանականները տարբեր մասնախմբերում հանդես են եկել դասախոսություններով`  լրագրության, հայագիտության, իրավագիտության  և քաղաքագիտության ուղղվածությամբ, որոնց  ներկա են եղել համապատասխան մասնագիտության ուսանողները: Բանախոսներ Արման Սաղաթելյանը` «Ժամանակակից տեղեկատվական և հիբրիդային պատերազմները», Միհրան Հակոբյանը` «Արցախյան հակամարտության քաղաքակրթական բաղադրիչները», Հրայր Թովմասյանը` «Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությունները» և Կարեն Բեքարյանը «Ղարաբաղյան կարգավորման գործընթաց. առկա վիճակը և զարգացման միտումները» թեմաներով  հանդես են եկել դասախոսություններով: