Արցախի պետական համալսարան

 

IMG 5381   IMG 5400

IMG 5391   IMG 5440

Հոկտեմբերի 25-ին  ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում ԱրՊՀ է այցելել Բյուրականի աստղադիտարանի փոխտնօրեն Հայկ Հարությունյանը և հանդես եկել  դասախոսությամբ, որը վերաբերում էր երկնային լուսատուին` Արեգակին:

Ներկա էին  համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, բնագիտական ֆակուլտետի ուսանողներ, լրագրողներ: Հանդիպմանը ներկաներին ողջունեց ԱրՊՀ  գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, պ.գ.դ., պրոֆեսոր Վ. Ավանեսյանը և շնորհակալություն հայտնեց Կ. Օհանջանյանին`  հանդիպման նախաձեռնության  և Հայկ Հարությունյանին` ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես գալու համար: Նա ներկայացրեց նաև Հ. Հարությունյանի անցած գիտական ուղին և գիտական հետաքրքրությունների շրջանակը:

Հ. Հարությունյանն իր խոսքում կարևորեց Արցախում գիտության հանդեպ սեր և հետաքրքրություն ունեցող երիտասարդություն ունենալը` նշելով. «Մի բան է անկախություն հռչակել, մի այլ բան`այդ անկախությունը պահպանել: Իսկ անկախությունը պահպանելու համար շատ կարևոր է նաև կրթության, գիտության ոլորտը: Արցախում ես ինձ առանձնահատուկ հանգիստ եմ զգում, որովհետև տեսնում եմ այդ երիտասարդությանը, որը գնահատում է գիտությունը»: Այս համատեքստում կարևորելով նաև ոչ ֆորմալ կրթության դերը`միաժամանակ ընդգծեց, որ այն լայն հնարավորություն է ընձեռում ուսանողությանը`ծանոթանալու գիտության ամենատարբեր ոլորտներին և լինել բազմակողմանի գրագետ ու զարգացած:

Հետաքրքիր և կարևոր փաստեր ներկայացնելով Արեգակի մասին, Հ. Հարությունյանը նշեց, որ այն չափազանց կարևոր է և հանդիսանում է կյանքի սկիզբը: Ինչպես նշեց բանախոսը, Արեգակը Երկրից գտնվում է մոտավորապես 150 մլն կմ հեռավորության վրա, որը կոչվում է աստղագիտական միավոր: Արեգակի տրամագիծը 1 392 000 կմ է, ինչը 109 անգամ մեծ է մեր մոլորակ Երկրի տրամագծից:  Արեգակը գտնվում է գալակտիկայի կենտրոնից 7200 լուսատարի հեռավորության վրա: Այդ կենտրոնի շուրջը պտտվում է մոտավորապես 250 մլն տարվա ընթացքում: Արեգակը մեկն է մեր գալակտիկայի 250-400 միլիարդ աստղերից: Արեգակը բավականին ծեր աստղ է, այն մոտ 4,6  միլիարդ տարեկան է: Երիտասարդ աստղերը անընդհատ փոփոխվում  են, էներգիա և ճառագայթում են արտանետում: Այդ պատճառով Արեգակը բավականին հանգիստ է, թեպետ այնտեղ էլ փոփոխություններ լինում են: Ինչպես նշեց բանախոսը, այսօր մենք ապրում ենք արեգակնային ակտիվության բարձրացման ժամանակաշրջանում, որի ժամանակ տեղի են ունենում բռնկումներ, պայթյուններ, էներգիայի արտահոսք: Վերջին բռնկումը, նրա խոսքով, սեպտեմբերի սկզբին էր. սեպտեմբերի 6-10 եղան մի քանի հզոր բռնկումներ, որոնք վերջին 12 տարվա ընթացքում աննախադեպ էին: Այս հանգամանքն էլ առիթ է հանդիսացել բանախոսի համար զեկուցման թեմա ընտրելիս: Նա վստահեցրեց նաև, որ թեպետ այդ բռնկումները որոշակի ազդեցություն են ունենում մարդկության վրա, այնուամենայնիվ միլիարդավոր տարիների պատմությունը թույլ է տալիս ասելու, որ դրանք սպառնալիք չեն մարդկության և առհասարակ կենդանական աշխարհի համար: Հանդիպման վերջում բանախոսը պատասխանել է նաև ուսանողների կողմից հնչած հարցերին: