Արցախի պետական համալսարան

 

IMG 5473   IMG 5517 

IMG 5552   IMG 5495

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում ԱրՊՀ-ում հոկտեմբերի 27-ին հյուրընկալվել էր Վենետիկի ժամանակակից արվեստի 56-րդ բիենալեում հայկական տաղավարը ներկայացնող արվեստագետներից «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին արժանացած, Ֆլորենցիայում բնակվող քանդակագործ Միքայել Օհանջանյանը և հանդիպում ունեցել ուսանողության հետ:

ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը լսարանին ներկայացրեց արվեստագետին, նրա անցած մասնագիտական ուղին, մասնակցությունը միջազգային փառատոներին և մրցույթներին` արժևորելով նրա գործունեությունը:

Հանդիպման ընթացքում Մ. Օհանջանյանը ներկայացրեց վերջին տարիների իր ստեղծագործությունների պրոյեկցիան՝ զուգահեռաբար վերլուծելով և ներկայացնելով իր դիրքորոշումը ժամանակակից քանդակի, արդի ժամանակներում նրա հասարակական դերի ու կարևորության վերաբերյալ:

Առանձին ուշադրության է արժանի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին արժանացած  «Armenity» («Հայություն») տաղավարում ներկայացված քանդակագործի «Տասներկու» ստեղծագործությունը, որն իրենից ներկայացնում է մոտ 12 մետր տրամագծով 12 քանդակներից բաղկացած կոնցեպտ:

Կոնցեպտի ստեղծման նախապատմությանն անդրադառնալիս Մ. Օհանջանյանը հիշում է, որ երբ պետք է մասնակցեր «Հայություն» տաղավարի աշխատանքներին, առաջին հերթին մտածեց այն բանի շուրջ, թե ինչ է հայությունն ընդհանրապես: Առաջին հայացքից պարզ թվացող այդ հարցի բազմաթիվ պատասխաններ ուներ նա, ասենք՝ մշակույթ, երաժշտություն, ճարտարապետություն, խոհանոց, լեզու և այլն, սակայն նա առավել առանցքային պատասխան էր փնտրում և գտավ. «Դա տարածական ռիթմն էր, որ գտնվում էր միայն աշխարհագրական այն տարածքում, որ հայկական լեռնաշխարհ է կոչվում»:

««Տասներկու» աշխատանքը հայկականության նշանակությունն ունի: Այդ աշխատանքով փորձել եմ մեկնաբանել իմ մանկության հուշերն ու զգացողությունները, տարածական այն ռիթմը կամ վիբրացիան, որը Հայաստանում եմ զգում: Քանդակն արել եմ Քարահունջից ազդված: Այնտեղի քարերի անցքերն ինձ համար դեպի նորը նայելու պատուհաններ, դարպասներ են խորհրդանշում: Այդ քարերի եւ անցքերի շուրջ գիտական տարբեր մոտեցումներ կան, իմ կարծիքով, դրանք պատահական չեն: Դեռ փոքր տարիքում, երբ նայում ենք երկնքին, ուրիշ իրականություն տեսնելու, երազելու, նորին ձգտելու ցանկություն ենք ունենում»,- կոնցեպտի գաղափարը մեկնաբանում է հեղինակը:

Արվեստը ինքնաճանաչման, մարդկային ոգու փիլիսոփայության անծայրածիր տարածության բացահայտման մեթոդ է իտալաբնակ արվեստագետի համար, ով խոստովանում է, որ որքան մեծանում է ինքնագիտակցությունն արտասահմանում, այնքան ավելի է կապվում հայրենիքի հետ. «էներգետիկ մի պրոցես կա հայրենիքում, որ սնում է ինձ…»,-ասում է Մ. Օհանջանյանը: