ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳԻՏՆԱԿԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

30.10

2017

 

IMG 6185   IMG 6214

IMG 6260  IMG 6228 

Բժշկակենսաբանական միջազգային հետբուհական կենտրոնի ՅՈւՆԵՍԿՕ-ի բժշկակենսաբանության ամբիոնի հրավերով հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ը աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ուկրաինայի ԳԱԱ Բոգոմոլեցի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի ԳԱԱ ակադեմիկոս, կ.գ.դ., պրոֆեսոր Օլեգ Կրիշտալը հոկտեմբերի 30-ին դասախոսությամբ հանդես է եկել ԱրՊՀ-ում:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ներկայացնելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել մեր հայրենակցին` կ.գ.դ., պրոֆեսոր Սիներիկ Հայրապետյանին` գործընկերոջը մայր բուհ հրավիրելու համար և, ի նշան երախտագիտության, նրանց նվիրել Արմեն Սարգսյանի «Արցախի բանահյուսությունը» աշխատությունը:

Բնագիտական ֆակուլտետի դասախոսական և ուսանողական կազմի հետ ունեցած հանդիպման ընթացքում Օ. Կրիշտալը հանդես է եկել «Ուղեղի իոնային անցուղիների ֆունկցիոնալ նշանակությունը և կարգավորման մեխանիզմները» թեմայով դասախոսությամբ, ներկայացրել ֆիզիոլոգիայի բնագավառում ունեցած իր գիտական նվաճումներն ու նրանց կիրառական նշանակությունը:

Գիտության ասպարեզում արձանագրած հաջողությունների մասին խոսելուց բացի, նեյրոֆիզիոլոգը խոսել է նաև գիտական աշխատանքի սկզբունքների և իրականացման մեթոդների մասին: Նա խորհուրդ է տվել երիտասարդներին ռացիոնալ օգտագործել ուսումնառության տարիները` այդպիսով նախապատրաստվելով գիտական գործունեության:

«Գիտության բնագավառում նշանակալի հաջողություններ կամ բացահայտումներ կարելի է գրանցել մինչև քառասուն տարեկանը: Սա այն շրջանն է, երբ հետազոտողը գտնվում է ուժերի գերլարման փուլում: Քառասունից հետո կարելի է լրացնել նախքան այդ ունեցած ձեռքբերումները»,- ասել է Կրիշտալը` դասախոսներին խորհուրդ տալով պոտենցիալ ունեցող երիտասարդներին ուղղորդել դեպի գիտություն: