«ԱՐՑԱԽԸ ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է». ՇՈՆ ՌԻՈՐԴԱՆ

31.10

2017

 

IMG 6328   IMG 6359

IMG 6375   IMG 6337

Հոկտեմբերի 30-ից 31-ը ԱրՊՀ-ում դասախոսություններով հանդես է եկել Քլինգենդալ համալսարանի պրոֆեսոր, Իսպանիայի միջազգային քոլեջի դասախոս, անկախ փորձագետ, միջազգային դիվանագիտական շրջանակներում ճանաչված մասնագետ Շոն Ռիորդանը:

Շ. Ռիորդանը երրորդ անգամ է Արցախում: Նրա յուրաքանչյուր այցելությունը դիվանագիտական ինստիտուտներին և ոլորտի ներկայացուցիչներին վերապատրաստելու և դիվանագիտության ժամանակակից մեթոդներին ծանոթացնելու նպատակ ունի: Հարցին, թե չճանաչված Արցախը որքանով է կարողանում դրսևորվել դիվանագիտության մեջ, պրոֆեսորը պատասխանում է.«Չնայած չճանաչված լինելու հանգամանքին` Արցախը հստակ քայլերով դիվանագիտական հաղթանակներ է ապահովում միջազգային ասպարեզում: Այսինքն` Արցախի իշխանությունները հասկանում են, որ ճանաչված պետությունը դիվանագիտական ջանքեր գործադրելու անհրաժեշտություն չունի այնքան, որքան չճանաչված պետությունը: Ուստի, միանշանակ կարող եմ ասել, որ դուք որևէ կերպ հետ չեք մնում»:

Այլ խնդիր է դիվանագետների պատրաստման գործընթացը. «Ահա այս հարցում անելիքները շատ են: Արցախի իշխանությունները պետք է լրջորեն զբաղվեն դիվանագետներ պատրաստելու գործով, որը ժամանակ, ջանքեր և ֆինանսներ է պահանջում»,-նշում է  Շ. Ռիորդանը:

Ինչ վերաբերում է մայր բուհում դասախոսությամբ հանդես գալուն, ապա պրոֆեսորն այն համոզմունքն է հայտնում, որ համալսարանները մասնագետներ պատրաստելու կամ վերապատրաստելու ամենահարմար տեղն են, և ուսանողներին դիվանագիտության այբուբենին ծանոթացնելուց բացի, անհրաժեշտ է սովորեցնել նաև առաջին քայլերին այս բնագավառում:

«Տպավորված եմ լսարանի` մասնագիտության նրբություններին տիրապետելու կարողությամբ: Նրանք նույնիսկ երկխոսության մեջ մտնելու և բանավիճելու արվեստին են տիրապետում: Հիանալի է, երբ Արցախի քաղաքական կարգավիճակով երկրում այսպիսի երիտասարդություն է ապրում: Հավատացեք` Արցախի ապագան հուսալի ձեռքերում է»,- հավաստիացնում է դիվանագետը:

«Թվային դիվանագիտություն և կիբեռդիվանագիտություն» թեմայով դասախոսությանը, որի ընթացքում բանախոսը անդրադարձել է նաև սոցիալական մեդիա-դիվանագիտություն հարաբերություններին, կիբեռ և հիբրիդային պատերազմներին ու դրանց տեսակներին, հետևել է գործնական առաջադրանք` «Հիբրիդային դիվանագիտության ռազմավարություն Արցախի համար»: Այսինքն` լսարանը բաժանվել է 5-6 հոգանոց խմբերի, որոնց կազմում ընդգրկված են տարբեր բաժինների ուսանողներ` քաղաքագետներ, իրավաբաններ, տնտեսագետներ, պատմաբաններ և այլն: Խմբերից յուրաքանչյուրը երկու ժամվա ընթացքում պետք է մշակի և ներկայացնի Արցախի համար հիբրիդային դիվանագիտության իր տեսլականը` սահմանելով նպատակը, թիրախը, փաստերն ու ռեսուրսները, որն էլ իրենից կներկայացնի ռազմավարության էությունը: