Արցախի պետական համալսարան

 

IMG 6311   IMG 6318

IMG 6293   IMG 6477

Պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթական ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 31-ին և նոյեմբերի 1-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնագետները ԱրՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում հանդես են եկել դասախոսություններով:

ԱրՊՀ-ՀՊՏՀ համագործակցության շրջանակներում ՀՊՏՀ կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., դոցենտ Լիանա Գրիգորյանը և կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Տիգրան Մնացականյանը հանդես են եկել տնտեսագիտության այնպիսի թեմաներվ, ինչպիսիք են ծախսերի էությունն ու վարքագիծը և դասակարգումը, կառավարչական հաշվառման հիմունքները, կառավարման տեսության հիմքերը և կառավարչական որոշումների ընդունման մոտեցումները, ինչպես նաև դասավանդման, ուսումնառության և գնահատման մեթոդների համապատասխանեցումը` «Մարդկային ռեսուրսների կառավարում» դասընթացի օրինակով:

ՀՊՏՀ գործընկերները դրական տպավորություններ ունեն ուսանողներից, դասախոսության ընթացքում ցուցաբերած գիտելիքներից, ակտիվությունից և վերլուծական մտքից:

«Այն թեմաների շուրջ, որոնք նախապես հստակեցվել են համալսարանի և ֆակուլտետի ղեկավարության հետ և որոնց մենք անդրադարձել ենք, ուսանողները բավականին հիմնավոր գիտելիքներ ունեն: Նրանք քաջատեղյակ են ոչ միայն Արցախի և Հայաստանի, այլև համաշխարհային տնտեսական և տնտեսագիտական մտքի ձեռքբերումներին»,- ասում են հայաստանյան գործընկերները:

«ԱրՊՀ ուսանողները ոչնչով չեն զիջում ՀՊՏՀ ուսանողներին, լավագույնները` մեր լավագույններին հավասար: Այս են վկայում նրանց հարցադրումների բնույթն ու ընդգրկման շրջանակները»,- տպավորություններն է կիսել Լ. Գրիգորյանը:

Դասախոսություններին հաջորդել են մտքերի փոխանակում մասնագիտության մի շարք խնդիրների շուրջ, պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցել նաև փոխադարձ խորհրդատվությունների տրամադրման առումով, որը վերաբերում է առանձնապես երիտասարդ մասնագետներին: