2014 թվականին ՄԱԿ-ի կողմից հոկտեմբերի 31-ը հռչակվել է քաղաքների միջազգային օր: ԱրՊՀ աշխարհագրության ամբիոնում կազմակերպված ինտելեկտուալ խաղն այդ տոնին էր նվիրված: Ներկա էին ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, բնագիտական ֆակուլտետի դեկան Վ. Միրզոյանը, դասախոսներ, ուսանողներ:
Խաղին մասնակցում էին աշխարհագրության գրեթե բոլոր կուրսերը հետևյալ թիմերով՝ «Վարարակն», «Վան», «Արմենիա», «Տագբիլարան» և «Բանգկոկ»: Խաղը բաղկացած էր երեք փուլից՝ նախնական, որին մասնակցել են միայն թիմերի ավագները և 2 հիմնական: Յուրաքանչյուր խաղափուլում ընդգրկված էր 12 հարց: Ակտիվ մրցապայքարի արդյունքում հաղթեց մագիստրատուրայի 1-ին կուրսի «Բանգկոկ» թիմը:
Վ. Միրզոյանը պարգևատրեց հաղթող թիմին` դրական գնահատելով ամբիոնի նախաձեռնությունը և ընդգծեց այն հանգամանքը, որ բավականին լավ հանդես եկան բակալավրիատի առաջին կուրսեցիները, ինչն իհարկե ուրախալի է:
Վ. Յարամիշյանը ևս ողջունեց ամբիոնի նախաձեռնությունը` նման միջոցառումները համարելով ոչ ֆորմալ կրթության տարբերակ և հորդորեց ուսանողներին ակտիվորեն մասնակցել ոչ միայն ներբուհական, այլև Արցախում և ՀՀ-ում կազմակերպվող նմանօրինակ խաղերին:
Ուսանողությանը և միջոցառման կազմակերպիչներին ուղղված շնորհակալական խոսքով հանդես եկավ մագիստրատուրայի ուսանողուհի Տաթև Միքայելյանը, ով նաև իր կողմից փոքրիկ նվերներ հանձնեց հաղթող թիմի բոլոր անդամներին: