Արցախի պետական համալսարան

 

IMG 6553   IMG 6542

IMG 6504   IMG 6561

Նոյեմբերի 2-ին ԱրՊՀ գերմաներենի կենտրոնում հյուրընկալվել էր Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի պատգամավոր, «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Լարս Պատրիկ Բերգը, ում ուղեկցում էր Գերմանիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

Պ. Բերգը սեփական նախաձեռնությամբ է Արցախում: Արցախի մասին, ինչպես ինքն է խոստովանում, տեղյակ է այնքանով, որքանով Գերմանիայի ցանկացած քաղաքացի, այն տարբերությամբ միայն, որ ինքը խորհրդարանական նիստերից փոքր-ինչ ավելի է տեղեկացված:

Հանդիպման ընթացքում լսարանը հնարավորություն ունեցավ հարցեր ուղղելու խորհրդարանականին, իմանալու նրա տեսակետն ու Գերմանիայի դիրքորոշումը Արցախի և արցախյան հակամարտության վերաբերյալ:

«Տարածաշրջանային կոնֆլիկտները հազվադեպ են հայտնվում խորհրդարանի օրակարգում կամ խորհրդակցություններում, քանի որ Գերմանիայում առկա են առավել լուրջ և խորքային խնդիրներ: Ինչը, սակայն, չի նշանակում, թե մենք սկզբունքորեն դեմ ենք անդրադառնալու տարածաշրջանային, մասնավորապես` Արցախյան հակամարտությանը»:

Լ. Պատրիկ Բերգը Արցախի մասին իր տպավորություններն է կիսել ուսանողների հետ. «Երբ խորհրդարանական ընկերներիս ասացի, որ պատրաստվում եմ այցելել Արցախ, բոլորը միանշանակ դեմ էին: Իրենց դիրքորոշումը նրանք հիմնավորում էին ծայրաստիճան վտանգավորությամբ, բայց ես տեսա բոլորովին այլ իրականություն. զարգացող, խաղաղ մի երկիր, որտեղ մարդիկ հանգիստ զբոսնում են փողոցում»:

Խորհրդարանականը նշել է նաև, որ Արցախ կատարված ու կատարվելիք այցերը կնպաստեն Արցախի ճանաչմանն ու Արցախյան հիմնախնդրի լուծմանը:

«Արցախի երիտասարդությունը պիտի կրթական, գիտական, մշակութային տարաբնույթ շփումներ ունենա Եվրոպայի հետ, սակայն իր ապագան պիտի տեսնի հայրենիքում»,- ասել է գերմանացի խորհրդարանականը: