Արցախի պետական համալսարան

 

IMG 6851   IMG 6888

IMG 6959   IMG 689899

Նոյեմբերի 6-ին մայր բուհում տեղի է ունեցել ԱրՊՀ իրավաբանական կլինիկայի պաշտոնական բացման արարողությունը:

Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ներկայացուցիչներ ԱՀ Ազգային ժողովից, ԱՀ և ՀՀ ՄԻՊ գրասենյակներից, ԱՀ և ՀՀ փաստաբանական պալատից, ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետից, համալսարանականներ, հյուրեր:

Արցախի պետական համալսարանի, Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի և ԱՄՆ Հայ իրավաբանական միության միջև համագործակցության արդյունքում Արցախի պետական համալսարանում գործարկված իրավաբանական կլինիկայի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտոր Մանուշ Մինասյանը:

Բուհի ղեկավարը նախ շնորհավորեց համալսարանականներին, ապա շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին և կազմակերպիչներին` Արցախի մայր բուհում իրավաբանական կլինիկա ունենալու հնարավորության համար:

Ռեկտորը խոստովանում է, որ իրավաբանական կլինիկա ունենալու անհրաժեշտության մասին խոսվել է դեռևս իր պաշտոնավարման առաջին տարիներից, բազմիցս հիմնավորվել իրավունքի ամբիոնի մասնագետների կողմից. «Իրավաբանական կլինիկան այլևս իրականություն է: Այդպիսի կառույց ունենալու վերաբերյալ շահագրգիռ քննարկումներ սկսվեցին հատկապես ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի հետ հուշագրի կնքումից հետո, և  այն կյանքի կոչվեց ԱՀ ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի ու ԱՄՆ Հայ իրավաբանական միության աջակցությամբ»:

Մ. Մինասյանն անդրադարձավ նաև կլինիկայի նպատակներին` նշելով, որ  կլինիկան հետապնդում է մի քանի նպատակ` մեր բուհի ուսանողները մարդու իրավունքների պաշտպանության գործում հմտանալու, ինչպես նաև հանրապետության քաղաքացիները իրավաբանական անվճար խորհրդատվություն ստանալու հնարավորություն կունենան, ինչը կնպաստի դատական և իրավապահ մարմինների աշխատանքին:

«Համոզված եմ, որ կլինիկայի գործունեության արդյունքում մի կողմից կնպաստենք փաստաբանական ծառայությունների զարգացմանն ու կայացմանը Արցախում, մյուս կողմից` կլինիկայի ուսանողները, հանրապետության քաղաքացիներին անվճար իրավաբանական օգնություն մատուցելուն զուգահեռ, ապագայում փաստաբանական ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալելու որոշում կկայացնեն»,- նշել է ռեկտորը՝ կոչ անելով քաղաքացիներին օգտվել կառույցի առաջարկած ծառայություններից:

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը շնորհավորել է համալսարանականներին կարևոր իրադարձության կապակցությամբ` ընդգծելով Հայաստան-Արցախ-Սփյուռք համատեղ ջանքերով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ոչ պաշտոնական կառույցի կարևորությունը:

«Ցանկացած երկրի ՄԻՊ-ի համար ուրախալի է ոչ պաշտոնական` հասարակական մակարդակում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ևս մեկ կառույց ունենալը: Իրավաբանական կլինիկան շատ կարևոր քայլ է մարդու իրավունքների երաշխավորման, որակյալ իրավաբանական կրթության ապահովման ուղղությամբ»,- ասել է օմբուդսմենը:

Իրավաբանական կլինիկայի բացման կապակցությամբ համալսարանականներին շնորհավորելու էին եկել ԵՊՀ իրավաբանական կլինիկայի վարիչ Քնարիկ Վարդանյանը, ՀՀ ՄԻՊ խորհրդական Սերգեյ Ղազինյանը, ՀՀ փաստաբանական պալատի նախագահի խորհրդական Վրեժ Խաչիկյանը, ովքեր բարի երթ են մաղթել նորաբաց կլինիկային և նրա աշխատակազմին` հավաստիացնելով, որ յուրաքանչյուր կառույց իր հնարավորությունների չափով նպաստելու է նրա կայացմանը:

Կլինիկայի փաստաբան-դասընթացավար Աշոտ Ապրեսյանը գործընկերների և ուսանողության անունից շնորհակալություն է հայտնել փաստաբանների պատրաստման դարբնոցի նախաձեռնողներին և նախանձախնդիրներին՝ նշելով, որ իրենք ամբողջությամբ ընկալում են իրենց առաքելությունն ու ամենայն պատասխանատվությամբ են մոտենում դրան. «Արցախի պետական համալսարանը մի նոր առաքելություն է իրականացնում, և ես, ի դեմս կլինիկայի անձնակազմի, խոստանում եմ, որ մեր գործունեությամբ հուսախաբ չենք անելու: Ավելին՝ կլինիկայի մասին դեռ խոսվելու, նրա հաջողությունների մասին լսվելու է»:

Արարողությունից հետո հյուրերը ծանոթացել են կլինիկայի պայմաններին, հնարավորություններին և առաջիկա անելիքներին:

Նշենք, որ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է աշխատանքային օրերին` ժամը 14:00-18:00-ն: