ԱՐՊՀ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

10.11

2017

 

IMG 7680   IMG 7667

IMG 7662   IMG 77093

Հաշվապահների միջազգային  օրվա  կապակցությամբ ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում` նվիրված հաշվապահական հաշվառման արդի հիմնախնդիրներին:

Քննարկմանը հրավիրված էին պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ, մասնավորապես ԱՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական զարգացման վարչության պետ Բ. Պետրոսյանը, ֆինանսների նախարարության հաշվապահական հաշվառման և աուդիտի մեթոդաբանության բաժնի պետ Ս. Միքայելյանը, «ՂՏ» ընկերության ՓԲԸ-ի հաշվապահության ղեկավար Ա. Ասրյանը, «Ստեփանակերտի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի գլխավոր հաշվապահ Ն. Օհանջանյանը, «Ղուկաս Քորփորեյշըն»-ի տնօրեն Ա. Ղուկասյանը, «SBS» ՓԲԸ- ի տնօրեն Բ. Բարսեղյանը, տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավարությունը, ֆինանսահաշվային և իրավունքի ամբիոնի դասախոսներ, ուսանողներ:

Հանդես գալով բացման խոսքով` միջոցառման կազմակերպիչ, ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Ն. Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել կլոր սեղանի հրավերն ընդունելու համար և շնորհավորել մասնագիտական օրվա կապակցությամբ:

«Հաշվապահի աշխատանքը շատերը գտնում են, որ երկրորդական է, բայց առանց  նրանց ոչ մի կազմակերպություն չի կարող իր գործունեությունը ճշգրիտ, գրագետ ու օրենսդրաիրավական դաշտին համապատասխան կատարել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք թողարկում ենք հաշվապահ մասնագետների՝ կարևորում ենք այսպիսի միջոցառումները, որոնք ուղղված են մեր ուսանողների մասնագիտական մտքի և գիտելիքների զարգացմանը»,- նշել է  Ն. Ավանեսյանը:

Հաշվապահական հաշվառման երկրորդ կուրսի մագիստրանտ Ա. Բեգլարյանը քննարկման մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել հաշվապահ մասնագետների շուկայում կատարած սեփական ուսումնասիրությունների վերլուծական արդյունքները` շեշտը դնելով հաշվապահ մասնագետների շուկայում առաջարկ և պահանջարկ ներկայացնող կողմերի, ապա և ֆինանսական, կառավարչական և հարկային հաշվառման հիմնախնդիրների վրա:

Նշված ոլորտների հիմնախնդիրների վերաբերյալ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոսների զեկուցումներին հաջորդել են մասնագիտական քննարկումներ, հնչել կարծիքներ:

Գործատու-կրթական համակարգ, այսինքն` ի՞նչ է պահանջում գործատուն և ի՞նչ է առաջարկում բուհը քննարկման ընթացքում երկու կողմերը հանդես են եկել ծանրակշիռ հիմնավորումներով և առաջարկներով: Այսպես` գործատուն պնդում է, որ բուհն  ավարտած ուսանողը, առանց լրացուցիչ դասընթացների մասնակցելու, ի վիճակի չէ հաշվապահ աշխատելու: Ի պատասխան` կրթական համակարգի պատասխանատուները նշում են, որ դասընթացների շրջանակներում հնարավոր է ծանոթացնել միայն առարկայի հիմունքներին, պրակտիկ գիտելիքներ ուսանողները ձեռք են բերում փորձուսուցման ընթացքում:

Քննարկումների արդյունքում կողմերը պայմանավորվեցին պարբերաբար քննարկումներ կազմակերպել` ոլորտում առկա խնդիրների համար համատեղ լուծումներ առաջարկելու համար: