ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

13.11

2017

 

abrahamyan   DSC 0003

ԱրՊՀ ղեկավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԱՀ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Տիգրան Աբրահամյանը գրականության և լրագրության ամբիոնի հետ համատեղ հանդես է գալիս նոր ծրագրով:

Ծրագիրը, Տ. Աբրահամյանի խոսքով, առաջին հերթին լրագրողների, մամուլի ծառայությունների աշխատակիցների, մեդիադաշտի ակտիվ ներկայացուցիչների վերապատրաստման, ապա` լրագրության բաժնի ուսանողների հաշվին արցախյան մեդիադաշտը որակյալ և բանիմաց մասնագետներով համալրելու նպատակ ունի:

«Տեղեկատվական անվտանգությունը անվտանգության համակարգի բաղկացուցիչ մասն է, ուստի մենք ճիշտ լրահոսի մատուցման խնդիր ունենք ոչ միայն պատերազմական, այլև խաղաղ պայմաններում: Այս ծրագիրը մեկն է այն բազմաթիվ ծրագրերից, որոնք իրականացվում են ազգային անվտանգության ուղղությամբ»,- նշում է Տ. Աբրահամյանը:

Անդրադառնալով արցախյան լրատվադաշտի` հեռուստատեսության, տպագիր և էլեկտրոնային մամուլի աշխատանքների ճիշտ և նպատակային կազմակերպմանը, խաղաղ և պատերազմական իրավիճակներում ներքին և արտաքին լսարանի համար պատշաճ ինֆորմացիայի մատուցմանը` նախագահի խորհրդականը նշում է, որ ԱրՊՀ լրագրության բաժնի  բազայի հիման վրա նախատեսվում է մեդիաշուկա հանել տարածաշրջանի և աշխարհաքաղաքական իրավիճակին քաջածանոթ, բազմապրոֆիլ մասնագետներ` օպերատորներ, տեխնիկական սպասարկման անձնակազմ, լրագրողներ և այլն:

«Այս նպատակով ամեն շաբաթ ոչ դասական ձևաչափի դասախոսություններ են կազմակերպվելու: Մեկնարկային անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելուց հետո նախատեսում ենք մասնագետներ հրավիրել Հայաստանի Հանրապետության առաջատար մեդիաընկերություններից և դպրոցներից, նաև` վերապատրաստման ուղարկել տեղի կադրերին»,- ասում է նա:

ԱրՊՀ լրագրության ամբիոնի վարիչ Շ. Ասկարյանը կարևորում է նման լուրջ համագործակցությունը, նրա նպատակն ու հեռանկարայնությունը. «Համատեղ նախաձեռնությամբ իրականացվելիք այս ծրագիրը կնպաստի Արցախի տեղեկատվական դաշտում որակյալ մասնագետների պատրաստմանն ու կայացմանը, պետական տեղեկատվական քաղաքականության մշակման գործընթացում երիտասարդ կադրերի ներգրավմանը» :

DSC 0011