ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՍՊԱ -ՀՈԳԵԲԱՆՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

14.11

2017

 

IMG 9514   IMG 9549

IMG 9559   IMG 9518

Նոյեմբերի 13-ին ԱրՊՀ-ում մեկնարկել է ՊԲ սպա-հոգեբանների հնգօրյա վերապատրաստման հերթական հավաքը:

Հավաքի առաջին օրը սպա-հոգեբանների և ուսանողության հետ հանդիպում են ունեցել ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, ԱՀ ՊԲ հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը, ՀՊՄՀ «Ապագա» հոգեբանական կենտրոնի տնօրեն Արմեն Բեջանյանը, ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ:

Իր խոսքում Վ. Բալայանը կարևորել է ՊԲ սպա-հոգեբանների պարբերական հավաքների նշանակությունը, ընդգծել դրանց կարևորությունը անձնակազմի հետ տարվող աշխատանքների բարելավման գործում: Նա նաև կոչ է արել հավաքի մասնակիցներին ակտիվորեն մասնակցել դասընթացներին, քննարկումներ կազմակերպել դասընաթացավարների հետ, փոխանակվել փորձով:

«Հավաքին մասնակցում են ՊԲ սպա-հոգեբանները և ԱՀՏԱ գծով սպաները, որոնց վերապատրաստումները ռազմավարական նշանակություն ունեն ինչպես զինված ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության համար: Որակյալ սպա-հոգեբանների արդյունավետ աշխատանքի շնորհիվ հնարավոր է խուսափել անցանկալի մի շարք երևույթներից»:

Գեներալ-մայորը նաև իր երախտագիտությունն է հայտնել ԱրՊՀ շահագրգիռ կառույցներին մասնագիտական և կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու համար՝ նշելով, որ նախկինում ունեցած փորձը դրական արդյունքներ է տվել:

ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ. Այդինյանն ու ՀՊՄՀ «Ապագա» հոգեբանական կենտրոնի տնօրեն Արմեն Բեջանյանն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՊԲ հրամկազմին` ցուցաբերած վստահության համար, հավաստիացրել, որ դասախոսություններով հանդես են գալու ԱրՊՀ և ՀՀ-ից հրավիրված փորձառու մասնագետներ:

Վ. Յարամիշյանը նշել է նաև, որ սպա-հոգեբանների հավաքին զուգահեռ, ընթանում են նաև հանրակրթական դպրոցների միջին օղակի դասղեկների վերապատրաստման դասընթացները, որոնք վարում են ՀՊՄՀ «Ապագա» հոգեբանական կենտրոնում մասնագիտացած ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի ուսանող-աշխատակիցները:

«Դեռահասության տարիքում գտնվող երեխաների շեղվող վարքի շտկմանն ուղղված թրեյնինգների ընթացքում ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի աշխատակիցների շարքերը համալրած հոգեբանության բաժնի ուսանողները ներկայացնելու են անցումային տարիքում երեխաների վարքի շեղման հիմնական պատճառները, այն շտկելու մեթոդներն ու մոտեցումները»,- նշել է պրոռեկտորը:

Հավելենք, որ սպա-հոգեբանների վերապատրաստման ծրագիրը տևելու է նոյեմբերի 13-ից 17-ը, որի ընթացքում դասախոսություններով հանդես են գալու ԱրՊՀ, ՀՀ և ԱՀ ՊԲ փորձառու մասնագետներ: