«ԿՈՎԿԱՍԻ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ» ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ Է ՎԱՐՈՒՄ ԱՐՊՀ-ՈՒՄ

14.11

2017

 

IMG 1319   IMG 1324

IMG 1323   IMG 1329

Երևանում գործող «Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի կողմից «Արցախը դիր քարտեզի վրա» ծրագրի շրջանակներում կազմակերպվող գործարար անգլերենի դասընթացին մասնակցում են նաև ԱրՊՀ ուսանողներ:

Դասընթացը, որ նախատեսված է 21-ից 35 տարեկան դասախոսների, թարգմանիչների, գործարարների և քաղաքացիական ծառայողների համար, անցկացվելու է սեմինարի ձևաչափով` երեք փուլով: Սեմինարը վարում էր «Կովկասի ինստիտուտ» գիտահետազոտական կենտրոնի ուսումնական ծրագրերի ղեկավար, Հայաստանում Հարավային Կովկասի հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի ներկայացուցիչ Նինա Իսկանդարյանը: Երկրորդ փուլի ընթացքում, որը մեկնարկել է նոյեմբերի 13-ին, մասնակիցները գործարար անգլերենի բարելավման հնարավորություն կունենան լեզվակրի հետ շփման արդյունքում:

Խոսելով ԿԻ նպատակների և խնդիրների մասին` Ն. Իսկանդարյանն առանձնացնում է ուսումնական գործունեությունը: Նրա խոսքով, ինստիտուտի գործունեության շրջանակները ներառում են գիտահետազոտական աշխատանքների իրականացում, տարբեր ոլորտներում քաղաքականության մշակում, քաղաքական որոշումների լոբբինգ, հասարակության շրջանում իրազեկման մակարդակի բարձրացում, բազմակարծության ապահովում:

«Ինստիտուտի ուսումնական գործունեությունից է բխում «Արցախը դիր քարտեզի վրա» ծրագիրը, որի շրջանակներում կազմակերպվող գործարար անգլերենի դասընթացը նպատակ ունի բարելավելու և խորացնելու հանրային և քաղաքացիական ծառայողների անգլերենի իմացությունը: Քանի որ հայտեր ստացել ենք նաև ԱրՊՀ ուսանողներց, որոշեցինք ընդգրկել նրանց ևս»,- պարզաբանում է Ն. Իսկանդարյանն ու հավելում, որ դասընթացին մասնակցող ԱրՊՀ ուսանողները հետաքրքրված են մատուցվող նյութով, ուսումնասիրության համար հանձնարարվող ռեսուրսներով և լուրջ մոտեցում են ցուցաբերում նաև ինքնուրույն աշխատանքներին:

Դասընթացին մասնակից ուսանողների կարծիքով նման սեմինարներն անհրաժեշտություն են, քանի որ այդպիսով իրենք հնարավորություն են ստանում խորացնելու գիտելիքներն ու կատարելագործելու հմտությունները: Բացի այդ, ԿԻ մասնագետների կողմից օգտագործվող ժամանակակից մեթոդները տեսական նյութը գործնականում ամրապնդելու հետաքրքիր տարբերակներ են առաջարկում:

Նշենք,  որ լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները մասնագիտական դասընթացներ են անցնելու ԿԻ երևանյան գրասենյակում: