ԿԱՅԱՑԱՎ «ԱՊԱԳԱ ՄԱՅՐԵՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

14.11

2017

 

IMG 9662   IMG 9699

IMG 96851   IMG 96952

ԱԺԿ Կանանց խորհրդի նախաձեռնությամբ նոյեմբերի 14-ին ԱրՊՀ ուսանողության հետ հանդիպում է ունեցել Մոր և մանկան առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Անահիտ Մաղաքելյանը և հանդես եկել «Ապագա մայրեր» խորագիրը կրող դասախոսությամբ:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևոր և պահանջված է համարել երիտասարդների հանդիպումը բժիշկ մասնագետների հետ, կոչ արել լինել անմիջական և հանդես գալ հուզող հարցադրումներով:

ԱԺԿ Կանանց խորհրդի նախագահ Սուսաննա Ավշարյանը հանդիպումը որակել է որպես Արցախի ապագային միտված միջոցառում` նշելով, որ այդպիսիք պարբերական բնույթ են կրելու:

Խոսքը սկսելով Նժդեհի «Մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգերի ճակատագիրը» խոսքերով` Ս. Ավշարյանը, դիմելով ուսանողությանը, նշել է. «Ուրիշ ով, եթե ոչ մենք, պիտի մտահոգ լինենք մեր ազգի առողջ ապագայով, ուրիշ ով, եթե ոչ դուք, պիտի առողջ սերունդ ապահովեք մեր ազգի համար: Ֆիզիկապես և հոգեպես առողջ սերունդն է միայն ունակ կերտելու ազգի ներկան և կռելու նրա ապագան»:

Մոր և մանկան առողջության կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Ա. Մաղաքելյանը հանդիպման ընթացքում խոսել է կանանց և աղջիկների անձնական հիգիենայի, նախավերարտադրողական և վերարտադրողական շրջանների, վաղ տարիքում առաջացող կանացի խնդիրների և դրանց կանխարգելման, անպտղության առաջացման և դրա կանխարգելման, կրծքով կերակրելու կարևորության և այլնի մասին:

Անդրադառնալով բժշկի դիմելու մշակույթին` մասնագետը փաստում է, որ աստիճանաբար կոտրվում են կարծրատիպերը, ու երիտասարդ աղջիկներն առավել հաճախ են դիմում մասնագետի օգնությանն ու խորհրդատվությանը:

«Քարացած կարծիքներն այն մասին, թե մասնագետի պետք է դիմել միայն ծայրահեղ դեպքերում, վաղուց իրականություն չեն: Հետևեք ձեր առողջությանը վաղ տարիքից, հոգացեք առողջ լինելու և առողջ սերունդ տալու մասին, քանզի մենք էլ այսկերպ ենք ծառայում մեր ազգային շահերին»,- ուսանողներին հորդորել  է Ա. Մաղաքելյանը:

Բժշկուհու անմիջական զրույցի արդյունքում ստեղծված անկաշկանդ մթնոլորտում ուսանողները տարաբնույթ հարցեր ուղղեցին նրան, ստացան խորհրդատվություն: