ՀՀ ԱՐՎԵՍՏԻ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԳՈՐԾԻՉ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

16.11

2017

 

IMG 0280   IMG 0320

IMG 0323   IMG 031888

Նոյեմբերի 16-ին ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում ԱրՊՀ-ում հյուրընկալված գրող, կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը հանդես է եկել «Մշակույթը՝ պետականաստեղծ համակարգ» թեմայով դասախոսությամբ:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունել է գործընկերոջ այցը Արցախի մայր բուհ, կարևորել միջհամալսարանական շփումներն ու կապերը, մասնագիտական փորձի փոխանակումը: Ռեկտորը շնորհակալություն է հայտնել նաև համակարգող Կ. Օհանջանյանին ծրագրի շարունակականության ապահովման համար և նշել. «Մարդիկ, ովքեր հանդես են գալիս դասախոսություններով և թեմաները, որոնք շոշափվում են այդ ընթացքում, գալիս են լրացնելու ֆորմալ կրթության բացթողումները»,- նշել է ռեկտորը:

Դասախոսության ընթացքում Դ. Մուրադյանը ներկայացրել է իր տեսակետը հայկական մշակույթի՝ համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած դերակատարության մասին:

Բանախոսի բնորոշմամբ Հայաստանն աշխարհագրական դիրքով, պատմությամբ և մշակույթի կազմաբանությամբ քաղաքակրթական հավասարակշռության երկիր է, իսկ հայ մշակույթը կարող է երկխոսության մեջ մտնել ինչպես արևելյան, այնպես էլ արևմտյան մշակույթների հետ:

«Հայ մշակույթը հասկանում է արևելյան և արևմտյան քաղաքակրթության նշանային համակարգը: Ուստի և այս իմաստով մենք հիանալի քաղաքակրթական համակեցության օրինակ ենք: Մշակույթը հիշողություն է, այն ի սկզբանե ստեղծում է մի պատմական տարածություն, որտեղ  կարող ես ապրել հազարամյակներ շարունակ: Մշակույթը պետականաստեղծ համակարգ է, հայրենիք է: Ոչ թե երկիրն է մշակույթ ստեղծում, այլ մշակույթն է ստեղծում երկիրը: Ինչպիսի մշակույթ ունենաս, այնպիսինը կլինի նաև երկիրը: Եվ եթե հողը առանց մշակույթի աշխարհագրություն է միայն, ապա մշակույթի հետ միասին արդեն հայրենիք է: Եթե այդ հողը մշակեցիր, հողը քեզ համար երգ կծնի, բանաստեղծություն կծնի, այդ հողի վրա եկեղեցի, տուն  կառուցեցիր, դու կունենաս հայրենիք, որը քեզ կտա դեմք, դիմագիծ, ես-ի գիտակցություն»,- կարևորում  է Դ. Մուրադյանը մշակույթի դերը պետականաստեղծման, պետականակերտման և ազգային ինքնագիտակցության պահպանման գործում: