Արցախի պետական համալսարան

 

IMG 0859   IMG 0887

IMG 0913   IMG 0945

Աշխարհը նոյեմբերի 17-ին նշում է ուսանողների տոնը, ինչը հերթական առիթներից է կարևորելու ուսման և ուսում ստացողների դերն ու նշանակությունը: ԱրՊՀ-ում օրվա կապակցությամբ կազմակերպվել էր հանդիսավոր համերգ, որի ընթացքում խրախուսվել են  ուսանողներ:

Տոնական միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ խորհրդի նախագահ, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կրթության, գիտության և սպորտի  նախարար Նարինե Աղաբալյանը, փոխնախարար Արմեն Սարգսյանը, մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության փոխնախարար Գայանե Գրիգորյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, համալսարանականներ, ներկայացուցիչներ այլ գերատեսչություններից, հյուրեր:

Համերգային ծրագրի մեկնարկը տրվեց համալսարանի գլխավոր մուտքի մոտ կազմակերպված ազգագրական պարերի ֆլեշմոբով, ապա համալսարանականներն ու հյուրերը ծաղիկներ խոնարհեցին զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող  հուշակոթողին, որից հետո տոնական միջոցառումը շարունակվեց համալսարանի մեծ դահլիճում:

Միջոցառմանն ուսանողներին շնորհավորեցին և բարեմաղթանքի խոսքեր հղեցին ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը, ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը:

Անդրադառնալով ուսանողի կարգավիճակին՝ ԱԺ նախագահը նշեց, որ այն ամենահետաքրքիրն ու դինամիկն է, քանի որ ուսումնառության տարիներին նա մասնագիտական և ոչ մասնագիտական գիտելիքներ է ամբարում, սակայն երեկվա և այսօրվա ուսանողի կարգավիճակը միանգամայն տարբեր է. 21-րդ դարի ուսանողը շատ ավելի մեծ հնարավորություններ ունի:

«Այս պատերի ներսում է բովվել այն սերունդը, որ 88-ի փետրվարին դուրս եկավ հրապարակ, որն էլ սկիզբ դրեց  մեր ազատագրական շարժմանը: Սա շատ կարևոր երևույթ է և, կարծում եմ, այդ ավանդույթները պետք է ոչ միայն պահպանվեն, այլև շարունակվեն, քանզի ձեզ վիճակված է լինելու այն սերունդը, որը պետք է շարունակի 88-ի պայքարը՝ նպատակ ունենալով կերտելու շատ ավելի ապահով, անվտանգ ու զարգացած երկիր»,-  նշել է Ա. Ղուլյանը:

 ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը, շնորհավորելով ուսանողությանը, խոստովանում է, որ  մոտ երեք տասնամյակ առաջ իրենց սերունդը պատկերացնել իսկ չէր կարող, որ պիտի հայրենիքի համար ճակատագրական որոշում կայացներ, կանգներ Արցախյան ազատագրական պայքարի ակունքներում, ապա պետականություն կերտեր և զարգացներ այն:

«Ճիշտ նույն տրամաբանությամբ դուք եք կռելու մեր երկրի ապագան և ձեզ է վերապահված լինելու Արցախի միջազգային ճանաչումը՝ ձեր հաջողություններով և նվաճումներով: Դրա համար պետք է ընդամենը կամք, հետևողականություն և նպատակասլացություն»,- ընդգծել է նախարարը և հավաստիացրել, որ պատկան մարմինները պատրաստ են անել ամենը՝ ապահովելու որակյալ բարձրագույն կրթություն:

«Ցավոք, ուսանողության ազգային տոն առայժմ չունենք, որպեսզի մեկ անգամ ևս անդրադառնանք ձեզ և ձեր գործունեությանը: Բոլորիդ շնորհավորում եմ ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում եմ բեղմնավոր աշխատանք, նորանոր ձեռքբերումներ և հաղթանակներ»,- շնորհավորանքի խոսքում ասել է  ռեկտորը:

Ուսանողության տոնի առթիվ Մ. Մինասյանի հրամանով պատվոգրերով, շնորհակալագրերով, նվերներով և դրամական պարգևներով խրախուսվել են ստեղծագործական մրցույթներում հաղթող ճանաչված, սպորտային և ինտելեկտուալ մրցույթներում առաջնակարգ տեղեր զբաղեցրած, «Լավագույն ուսանող» մրցույթում բարձր ցուցանիշներ ունեցող մի խումբ ուսանողներ: Հասարակական ակտիվություն, Ծմակահողի կիրակնօրյա դպրոցի աշխատանքների ընթացքում ակտիվ մասնակցություն ցուցաբերած և  սոցիալական տարբեր կարգավիճակներ ունեցող ուսանողներին նշանակվել է ռեկտորի միանվագ կրթաթոշակ:

Միջոցառման պաշտոնական մասին հետևել է ՈՒՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժնի և ուսանողական խորհրդի  համատեղ ջանքերով կազմակերպված տոնական համերգը, որի ընթացքում ուսանողները հանդես են եկել երաժշտական, պարային, հումորային և այլ համարներով: