Արցախի պետական համալսարան

 

IMG 0351   IMG 0368

IMG 0372   IMG 0394

Նոյեմբերի 16-ին ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի հրավերով բանասիրական ֆակուլտետում դասախոսություններով հանդես են եկել բանաստեղծ, գրականագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Հենրիկ Էդոյանը և բանաստեղծ, թարգմանիչ Հակոբ Մովսեսը:

Դասախոսությունների ընթացքում Հ. Մովսեսը անդրադարձել է Հայաստանում թարգմանչական շարժմանը, որից անմասն չի մնում նաև Արցախը:

«Այսօր ստեղծվել է մի իրականություն, երբ գրականությունն ավելի առօրեական վերաբերմունք է պահանջում, և այս համատեքստում հատկապես կարևոր է ընդգծել մարդասիրական կերպարը. այն ներկայացվում է նաև արդի հայ գրողների ստեղծագործություններում»,- ասել է Հ. Մովսեսը:

Հ. Էդոյանի դասախոսությունը վերաբերում էր գրականության մեջ մարդու հոգեկերտվածքի տատանումներին անտիկ և Վերածննդի շրջանից մինչև մեր օրեր և գրական-մշակութային զարգացման մեջ Քրիստոսի միֆոկերպարին:

Բանաստեղծները դասախոսությունից դուրս խոսել են Հայաստանում և Արցախում ստեղծվող մշակույթի մասին: Այս կապակցությամբ Հ. Էդոյանը ասում է. «Քաղաքական որոշ նկատառումներով առանձնացնում ենք երկու հանրապետությունները, սակայն, ըստ էության, բոլորս էլ գիտենք, որ մենք մի երկիր ենք, մի ժողովուրդ, վերջապես մի գրականություն և մշակույթ»:

Հանդիպման ընթացքում ուսանողները հարցեր են ուղղել բանաստեղծներին, ջերմ ու անմիջական մթնոլորտում ծավալվել է քննարկում հայ գրականության խնդիրների, զարգացման միտումների շուրջ: