ՍԻՐՈ ՄԱՍԻՆ՝ ՄԻ ԱՆԳԱՄ ԷԼ

27.11

2017

 

24008789 

Հեռու ես Ստեփանակերտից, ամենաճիշտ հեռուն իմ կյանքում, որովհետև գալ-գնալու ժամանակ եմ հասցնում մտածել...Իմ մասին: Հեռու ես ու ամենամոտն ես ինձ: Հեռու ես, ու էդպես ճիշտ է երևի:  Գիտե ՞ս, Ստեփանակերտում՝ իմ փոքրիկ բնակարանի  պատուհանից վաղ առավոտյան կարմիր, սիրուն է արևը, սակայն  էլի հեռու է, այնքան, որ ջերմացնում է փողոցն ու ձեռքերը, բայց ոչ սիրտը: Ուրիշ է: Իմը չէ: Իսկ  դու ամբողջությամբ իմն ես: Իմն է քո Թարթառը, լեռներդ, պատմությունդ: Իմ ազատությունն ես դու, իսկ ես տերն եմ քո ազատության արդեն 17 տարի: Իմ սիրուն, իմ սիրած գյուղ՝ Բրաջուր:

Տարիների մեջ, որ փոխել են ինձ ու քեզ,  հավատ ու լավատեսություն կա, որ եթե լուռ մնա, երազանքի կվերածվի: Մեր  երազանքների մեջ մի քիչ անգույն կա, մի քիչ չէ, մի քիչ շատ...Քարացած ու սառը տխրություն կա  քո երեխաների չստացած  կրթության մեջ ու տեսած աշխարհի սև-սպիտակում, որ մոռացվում է քո մարդկանց համեստ տներում, որտեղ ապրել են հանուն ինչ-որ բանի ու չեն ստացել այդպես էլ: Ինչ-որ զգացմունքներ փշրվում են բռունցքիս մեջ, որ տողեր չդառնան, որ չթուլանա ձեռքս: Ես գլուխս դնում եմ քար ուսիդ, որ ամենահպարտն էր տարիների մեջ ու չխոնարհվեց: Լաց եմ լինում  քեզնից ու ինձնից թաքուն, վերջին, ամենավերջին անգամ:  Մի ՞թե ամենքից շատ ես իրավունք չունեմ մեկ-մեկ լաց լինելու ու նեղանալու քեզնից, երբ ամենքից շատ  ես եմ քեզ սիրում՝ բոլոր թերություններով ու իսկապես: Ինչքան փոխվել ենք տարիներում, այնքան նույնն ենք մնացել ես ու դու՝ իմ Բրաջուր:

Որոշել եմ՝ էլ չեմ գրելու քո մասին, որովհետև զգում եմ, որ քեզ մի քիչ ուրիշներին եմ տալիս քո մասին պատմելով, որովհետև իսկական սերերի մասին եթե չեն լռում, ուրեմն խոսում են քիչ: Մեծահոգաբար չեմ թաքցրել քեզ, իսկ դու ներել ես ինձ ամեն անգամ...Իրարից նեղանալ ու իրար ներել էլ ենք սովորել, որովհետև քեզ հայրենիք չեմ անվանել երբեք, քո անունը սեր է, հայրենիքը միասին ենք:

Արաքս ՄԻՐԶԱՅԱՆ

Լրագր. 2-րդ կուրս

24008028   24098731

 

Обновлено 27.11.2017 10:30