ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐՆ ԷԻՆ

01.12

2017

 

IMG 3411   IMG 3441

IMG 3430   IMG 3423

Տնտեսագիտության ֆակուլտետի ղեկավարությունը հետամուտ է տնտեսության ոլորտում ամենատարբեր հիմնախնդիրների շուրջ մասնագիտական քննարկումների կազմակերպմանը, որին ընդգրկվում են ինչպես ֆակուլտետի դասախոսական և ուսանողական կազմը, այնպես էլ ոլորտի պատասխանատուներ: Այդպիսի միջոցառումներից հերթականը նոյեմբերի 30-ին կազմակերպված կլոր սեղանի ձևաչափով քննարկումն էր՝ բնապահպանական հիմնախնդիրների թեմայով:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ, տնտեսագիտության ֆակուլտետի անձնակազմը, պետական և մասնավոր հատվածի շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ և համալսարանական ամբիոնների վարիչներ, հյուրեր, ուսանողներ:

Քննարկումը նախաձեռնել էին տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ., դոցենտ Ռուզաննա Մանգասարյանը և կառավարում մասնագիտության առաջին կուրսի մագիստրանտները: Կլոր սեղանին նախորդել է բնապահպանական խնդիրների վերաբերյալ սոցհարցման կազմակերպումը, որի արդյունքների հիման վրա ուսանողների կողմից կատարվել է ուսումնասիրություն:

«21-րդ դարը տնտեսական և էկոլոգիական տեսակետից մասնագետների կողմից  գնահատվում է որպես այնպիսի փոփոխությունների դարաշրջան, որում երկրային քաղաքակրթությունը կայունության վիճակից հասել է ինքնակործանման վիճակի, ինչն էլ իր հերթին կարող է բերել գլոբալ բնապահպանական ճգնաժամի, քանի որ այն ծավալված է ողջ երկրագնդի վրա և ընդգրկել է ողջ կենսոլորտն ու միջավայրը»,- բացելով միջոցառումը՝ ասել է տ.գ.թ., դոցենտ Ռ. Մանգասարյանը:

Ուսանողների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ բնակչության մի ստվար զանգված մտահոգ է բնապահպանությամբ և առաջ է քաշում  բնապահպանական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մթնոլորտի աղտոտվածությունը, կենցաղային թափոնների չվերամշակումը, ջրային ռեսուրսների աղտոտվածությունը, բուսական և կենդանական ռեսուրսների ոչ նպատակային օգտագործումը, ճանապարհային գերբեռնվածությունը մեքենաներով, անտառային տնտեսության ոչ ճիշտ շահագործումը և այլն:

Վերոնշյալ թեմաներով ուսանողների զեկուցումներին հաջորդած քննարկումների համար հրավիրվել էին բնական ռեսուրսների, թափոնների, մթնոլորտի արտանետումների կառավարման գործակալության պետ Կարեն Կիրակոսյանը, «Արցախանտառ» ՊՈԱԿ  տնօրեն Արթուր Օհանյանը, գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հողօգտագործման բաժնի պետ Վալերի Ղազարյանը, կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների, կառավարման բաժնի պետ Աշոտ Հարությունյանը, թափոնների և մթնոլորտային արտանետումների կառավարման բաժնի պետ Գոհար Գրիգորյանը, բնական ռեսուրսների կառավարման և բնապահպանական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ Ինգա Գասպարյանը, «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ գլխավոր հաշվապահ Նաիրի Մուրադյանը և Արցախի սանիտարա-էպիդեմիոլոգիական կայանի բժշկուհի Հասմիկ Հայրապետյանը ծավալված քննարկումների ընթացքում արտահայտեցին իրենց տեսակետն ու դիրքորոշումը առաջ քաշված հիմնախնդիրների վերաբերյալ, ներկայացրեցին պետական և մասնավոր սեկտորում դրանց վերացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Բնական ռեսուրսների, թափոնների, մթնոլորտի արտանետումների կառավարման գործակալության պետ Կարեն Կիրակոսյանն իր խոսքում նշեց, որ բնապահպանական խնդիրների վերացմանը կամ նվազագույնի հասցնելուն հետամուտ պետք է լինի նաև յուրաքանչյուր քաղաքացի:

«Շրջակա միջավայրի հիմնախնդիրների լուծման ուղղությամբ աշխատանքներ պետք է տարվեն ամենուրեք, ամեն օր և յուրաքանչյուր ոք: Այն միայն պետական վերահսկողության խնդիր չէ, այն յուրաքանչյուր քաղաքացու պարտքն է»,- նշում է  պատասխանատուն և նկատում, որ բնապահպանական մի շարք խնդիրներ պայմանավորված են բնակչության էկոլոգիական մշակույթի ցածր մակարդակով:

Չնայած ներկաների կարծիքները տարաբնույթ էին, հաճախ՝ իրարամերժ, այնուամենայնիվ, նրանք միակարծիք էին այն հարցում, որ նման ձևաչափով միջոցառումները անհրաժեշտ են և երկուստեք պահանջված:

Միջոցառման ավարտին համալսարանականները հանդես եկան առաջարկություններով, որոնք ենթադրում են բնապահպանական մշակույթի զարգացում, բնապահպանական հասարակական կազմակերպությունների ձևավորում, բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում, որոնք, եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասնակիորեն, թույլ կտան լուծելու բնապահպանական մի շարք խնդիրներ: