Արցախի պետական համալսարան

 

IMG 3526   IMG 3513

IMG 3528   IMG 3540

Մոնթե Մելքոնյանի ծննդյան 60-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվում են: ԱրՊՀ պատմության և իրավագիտության, բանասիրական ֆակուլտետների և հայագիտական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր գիտական նստաշրջան` նվիրված ազգային հերոսի ծննդյան 60-ամյակին:

Նստաշրջանին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ԱՀ ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը, պրոռեկտորներ, համալսարանականներ, զինվորականներ, հյուրեր:

Մ. Մինասյանը նստաշրջանի բացման խոսքում ընդգծեց ազգային մեծություններին նվիրված միջոցառումների նշանակությունն ու ողջունեց ֆակուլտետների` ազգային հերոսին հերթական անգամ անդրադառնալու նախաձեռնությունը:

«Ես` որպես մարտունեցի, շատ լավ գիտեմ, թե ինչպիսի կերպար էր Մարտունին Մոնթեաբերդ դարձրած Մոնթեն: Դժբախտաբար բախտ չի վիճակվել նրա հետ շփումներ ունենալ, սակայն նրա մասին կենցաղային, առտնին խոսակցություններում բացահայտվում է նրա բազմաշերտ կերպարը, որին, հուսով եմ, կանդրադառնաք միջոցառման ընթացքում»,- նշել է ռեկտորը:

Նստաշրջանի ընթացքում մասնակից դասախոսներն ու ուսանողները ներկայացրել են Մ. Մելքոնյանի մանկության և պատանեկության տարիները, նրա գործունեությունը արցախյան ազատագրական մարտերում, կերպարը հայ պոեզիայում և այլն:

Ավոյի` արցախյան գործունեության վավերագիր Վ. Բաղրյանը, ով այն տարիներին Արցախի հանրային հեռուստատեսության աշխատակիցներից էր և հարցազրույցներ էր վարում հերոսի հետ` հանրայնացնելով նրա գաղափարներն ու պատգամները, Ավոյին ներկայացրեց իբրև բոլորինը և յուրաքանչյուրինը` առանձին-առանձին:

Բացի իր և Ավոյի մտերմիկ զրույցներից, Վ. Բաղրյանը անդրադարձավ նաև կադրից դուրս, չլուսաբանված զրույցներին, նրա պատգամներին:

Միջոցառման ընթացքում ռեկտորի հրամանով կրթաթոշակով և գրքերով պարգևատրվել են Շ. Սարգսյանն ու Ա. Ադամյանը, ովքեր բանասիրական ֆակուլտետի կողմից հայտարարված Մ. Մելքոնյանի 60-ամյակին նվիրված շարադրությունների մրցույթում  զբաղեցրել են առաջին մրցանակային տեղը: