Արցախի պետական համալսարան

 

IMG 4234   IMG 4245

IMG 4267   IMG 4238

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում դեկտեմբերի 8-ին ԱրՊՀ-ում «ՀՀ և ԱՀ տնտեսությունը գլոբալ և տարածաշրջանային համատեքստում» թեմայով դասախոսությամբ հանդես է եկել տ.գ.դ., պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:

Ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջունել է Թ. Մանասերյանի այցը Արցախի Հանրապետություն և Արցախի մայր բուհ, կարևորել ոչ ֆորմալ կրթության նշանակությունը, որի գործունեության երկամյակը լրացել է արդեն:

«Բոլոր մասնակիցների կողմից իմ երախտագիտությունն եմ հայտնում ծրագրի կազմակերպիչներին և ծրագրի շրջանակներում հանդես եկած մասնագետներին` կրթության ոչ ֆորմալ մեթոդներով ուսանողների մտահորիզոնն ընդլայնելու, նոր գիտելիքներ հաղորդելու համար»,- ասել է Մ. Մինասյանը:

«Չնայած աշխարհի տարբեր երկրների համալսարաններում դասախոսելու առիթներ եմ ունեցել, բայց Արցախի պետական համալսարանում դասախոսելը պատիվ և պատասխանատվություն է ինձ համար»,- ասում է Թ. Մանասերյանը և նշում, որ պատրաստակամ է իր նպաստը բերելու Արցախի տնտեսության զարգացմանը:

Սկսելով ՀՀ և ԱՀ ազգային անվտանգության հիմնախնդիրներից, որի բաղկացուցիչն է տնտեսական անվտանգությունը, բանախոսը նկատում է, որ ներկայիս տնտեսությունն ապրում է ավելի շատ մարդկային, քան ֆինանսական ռեսուրսների ճգնաժամ:

«Եթե վիճակագրական տվյալներ բերելու լինենք, ապա պիտի փաստել, որ հանրապետությունում առկա է ոչ միայն բարձրագույն, այլև միջին մասնագիտական կրթություն ունեցող մասնագետների դեֆիցիտ»,- ասում է տնտեսագետն ու շեշտում գիտելիք տվողի դերը ճիշտ այնպես, ինչպես հաց արարողի:

Ինչ վերաբերում է Արցախ կատարած այցին, Թ. Մանասերյանը խոստովանում է, որ եկել է ոչ թե սովորեցնելու, այլ սովորելու. «Եթե կա մի բան, որ պիտի տանեմ Արցախից, ապա այս ժողովրդի և այս երկրի ղեկավարության հավատն է»: Նույնը վերաբերում է նաև գիտելիքին. «Գիտելիքը ոչ ոքի պետք չէ, եթե չհավատաս, որ այն զենք է: 35 տարվա մանկավարժական իմ գործունեության ամենածանր շրջանը կարող եմ համարել վերջին մի քանի տարիները, քանի որ առաջին անգամ ես հավատացնելու խնդրի եմ բախվել»: