ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ

13.12

2017

 

IMG 4784   IMG 4767

IMG 4764   IMG 4730

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 13-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել են արձակագիր, դրամատուրգ, լրագրող Ռուսլան Սաղաբալյանը և Միջազգային  և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, լրագրող Ռուբեն Մեհրաբյանը:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը բացման խոսքում կարևորել է ծրագրի նշանակությունն ու նկատել, որ այն ընդլայնում է ուսանողների մտահորիզոնն ու բազմակողմանի գիտելիքներ հաղորդում տարբեր ոլորտներից:

Հրավիրվածները անդրադարձել են ճշմարիտ լրագրողի գործունեությանը, լրագրողական էթիկային ու բարոյականությանը, գրաքննության և խմբագրության թույլատրելի սահմանին և այլն:

Ռ. Սաղաբալյանը լրագրողին համեմատում է սպորտային մեկնաբանի հետ, ով լուսաբանում է ֆուտբոլի առաջնությունը. «Եթե տեղյակ ես` ով է խաղում, ով է դարպասապահը, պաշտպանն ու հարձակվողը, այսինքն` գիտես խաղի կանոնները, ապա դժվար չէ մեկնաբանել նրանց քայլերը, դիտարկումներ կատարել»:

Ոլորտում կեսդարյա գործունեություն ծավալած Ռ. Սաղաբալյանը ապագա լրագրողներին հորդորեց լինել պետականամետ, այլ ոչ իշխանամետ, զերծ և վեր լինել ցանկացած տեսակի գաղափարախոսությունից, այդ թվում` կուսակցական:

Ռ. Մեհրաբյանը շեշտադրեց հատկապես արցախյան մեդիադաշտի անելիքները` նշելով, որ այն պետք է ոչ թե միջնորդ լինի, այլև` կարծիք և օրակարգ ձևավորող ու թելադրող: Իսկ այս հարցում պակաս կարևոր չէ նաև լրագրողի դիրքորոշումն ու նրա ներքին բարոյականությունը:

«Ի թիվս այլ հեղափոխությունների, ինչպիսիք են էներգետիկ, արդյունաբերական, տեխնոլոգիական և այլն, նոր թափ է առել տեղեկատվական հեղափոխությունը, որտեղ խոսքը և ինֆորմացիան հանդես են գալիս իբրև նոր զորատեսակ կամ զինատեսակ»,- ասում է լրագրող-վերլուծաբանն ու մեջբերում քաղաքագետ Դավիթ Շահրամանյանի խոսքերը, թե սկիզբ է առել առաջին համաշխարհային հիբրիդային պատերազմը, որը կոնվենցիոնալ պատերազմից տարբերվում է ռազմական տարրերով:

Ներկաները հարցեր են ուղղել բանախոսներին, հետաքրքրվել արցախյան մեդիայի ներկայի և ապագայի նրանց տեսլականով, լրագրողների անելիքներով և այլն: Հարցին, թե որտեղ է բարոյականության սահմանը` նրանք մեկնաբանեցին այսպես. «Սահման, որպես այդպիսին լինել չի կարող, այն հարաբերական է ասված: Բարոյականության սահմանն այնտեղ է, որտեղ սկսվում է օբյեկտի անձնական տարածքն ու օրենքը»:

«Առավոտ» օրաթերթի ռուսական սյունակի պատասխանատու Ռ. Մեհրաբյանը հանդես է եկել նաև առաջարկությամբ` լրագրության բաժնի ուսանողների փորձուսուցումը կազմակերպել թերթի խմբագրությունում, ինչն էլ կուղենշի հետագա համագործակցությունը: