Արցախի պետական համալսարան

 

IMG 4812   IMG 4851

IMG 4859   IMG 4819

Դեկտեմբերի 13-ին ԱրՊՀ կերպարվեստի ամբիոնի նախաձեռնությամբ  կազմակերպված միջոցառումը նվիրված էր  Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին:

Ամբիոնի վարիչ, նկարիչ-քանդակագործ Լավրենտ Ղալայանը նախ ներկայացրեց ծագումով հայ աշխարհահռչակ ծովանկարչի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին:

«Այվազովսկու արվեստը սիրված և ընդունված է ողջ աշխարհում: Նա ստեղծել է ավելի քան 6000 կտավ, որի մի փոքր մասը` գեղանկարչական, գրաֆիկական, դեկորատիվ-կիրառական, վավերագիր աշխատանքներ, հնարավորություն ունեցանք տեսնելու Հայաստանի Ազգային պատկերասրահում, զմայլվելու մեծ արվեստագետի հանճարով: Այվազովսկին այն մեծություններից է, ում գործերը ոգեշնչման աղբյուր են եղել և շարունակում են լինել այդպիսին»,- նշել է Լ. Ղալայանը:

Նշենք, որ հոկտեմբերի 2-ից 4-ը ԱրՊՀ կերպարվեստի բաժնի մի խումբ ուսանողներ` Լ. Ղալայանի ղեկավարությամբ և համալսարանի ֆինանսավորմամբ ներկա են գտնվել Հայաստանի Ազգային պատկերասրահում բացված Այվազովսկու 200-ամյակին նվիրված «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսին:

Ուսանողները ոգևորված էին ցուցահանդեսով և իրենց ելույթներում շնորհակալություն հայտնեցին համալսարանի ղեկավարությանը` ընձեռված հնարավորության համար:

«19-րդ դարից սկսած հայկական մշակույթն անհնար է պատկերացնել առանց Այվազովսկու և նրա  բարերար ազդեցության: Մենք այն երջանիկներից ենք, որ հնարավորություն ունեցանք ներկա գտնվելու նրա 200-ամյակին նվիրված ցուցահանդեսին, հաղորդակցվելու նրա կախարդիչ արվեստին և երազային պատկերներին»,-իր ելույթում նշել է ուսանողուհի Սյուզաննա Բաղդասարյանը: