Արցախի պետական համալսարան

 

IMG 4610   IMG 4489

IMG 4439   IMG 4550

Դեկտեմբերի 9-ին ԱրՊՀ ՏՄՄ և հոգեբանություն 1-ին կուրսի ուսանողներս, կուրսղեկ Ռոզա Աղաջանյանի գլխավորությամբ, այցելեցինք Ստեփանակերտի 9-րդ դպրոց և կազմակերպեցինք դաս` սահմանափակ կարողություններով օժտված երեխաների հետ հաղորդակցման նպատակով:

Այցն ուներ ոչ միայն բարեգործական նպատակ, այլև պատեհ առիթ էր ու մեծ հնարավորություն` մեր իսկ ընտրած մասնագիտություններում հնարավորինս կատարելագործվելու, մասնագիտական առաջին քայլերն անելու, ինչպես նաև մանկավարժական գործունեությունում առկա խնդիրներին մոտիկից ծանոթանալու համար:

Յուրաքանչյուր մանկավարժ պետք է կարողանա իմանալ և հասկանալ հաշմանդամ երեխաների հոգեբանությունը` հետագայում նրանց կրթելու և դաստիարակելու գործում հեշտությամբ կողմնորոշվելու նպատակով: Տիկին Հայրապետյանը, ով բարեխղճորեն աշխատում է սահմանափակ կարողություն ունեցող երեխաների հետ, ներկայացրեց երեխաների առօրյան և ուսումնական գործունեությունը, դասապրոցեսների բնույթը, հաղորդակցման ու նրանց կողմնորոշման սկզբունքները արտաքին աշխարհում: Աշակերտների գոհ ու ժպտադեմ հայացքներից կարելի էր ենթադրել, որ օրը հաճելի էր անցնում նրանց համար: Իսկ քաղցր անուշեղենը, զարդարված գունավոր փուչիկներն ու քաղցրահամ տորթն այդ օրն իսկական տոն դարձրին մեր բարի բարեկամների համար: Բոլորը ստացան նաև գունազարդ գրքեր ու գրենական պիտույքներ:

Հաճելի է, երբ անգամ մի օրը կարող է վերափոխել մարդու ներաշխարհը, սակավ գույներին նոր, ավելի վառ գույներ ավելացնել, ամոքել, սփոփել, քաջալերել: Մեր այցն ինքնանպատակ չէր: Հուսով ենք, որ նրանք նմանատիպ հաճելի շատ ու շատ առիթներ դեռ կունենան: Մենք էլ մեր հերթին օգտակարը համատեղեցինք հաճելիի հետ, գործնականը՝ բարեգործականի:

Աննա Հայրումյան

ՏՄՄ, 1-ին կուրս