Արցախի պետական համալսարան

 

25289260   25398837

25395967   25289205

Դեկտեմբերի 15-ին ԱրՊՀ մեծ դահլիճում հանդիսավոր պայմաններում ամփոփվել է հոկտեմբերին մեկնարկած «Ուսանող-աշակերտ-զինվոր. միասնության ուժը» ծրագիրը: Հանրապետության բոլոր շրջանները, մայրաքաղաք Ստեփանակերտը և պաշտպանության բանակը ներկայացնող թիմերը հանդիպել են մայր բուհում. առիթը` ինտելեկտուալ խաղի եզրափակիչ փուլն էր:

 Միջոցառմանը մասնակցում էին ԱՀ Ազգային ժողովի խոսնակ, ԱրՊՀ խորհրդի նախագահ  Աշոտ Ղուլյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, Արցախյան շարժման ակտիվիստներ, զինվորականներ, մանկավարժներ, աշակերտներ, համալսարանականներ:

Նախքան միջոցառման մեկնարկը՝ ուսանողական մարմինների ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին համալսարանում, ծանոթացան ուսումնական գործընթացին և ուսանողական առօրյային, ապա հարգանքի տուրք մատուցեցին ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանն իր ելույթում ներկայացրեց ծրագրի նպատակն ու խնդիրները՝ հավաստիացնելով, որ համալսարանականներին հաջողվել է հասնել նախանշած նպատակին՝ միավորել ուսանողին, աշակերտին և զինվորին՝ հանուն մեկ գաղափարի: Իր խոսքում պրոռեկտորն ընդգծում է հատկապես ծրագրի մասսայականության հանգամանքը՝ նկատելով, որ ծրագրին մասնակցել է շրջանների ավելի քան 400 աշակերտ և 250 ուսանող, ինչը խոսում է  նաև ծրագրի աննախադեպ լինելու մասին.

«Ծրագրի մասնակիցները եղել են ոչ միայն դպրոցներում, կազմակերպել ինտելեկտուալ խաղեր, այլև՝ շրջանների զորամասերում, գիշերօթիկ հաստատություններում, պատմամշակութային նշանակության վայրերում, հանդես եկել մշակութաժամանցային ծրագրերով, վարպետության դասերով, իրականացրել հասարակական աշխատանքներ»,- ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքները թվարկում է Վ. Յարամիշյանը:

Ընդգծելով մայր բուհի նախաձեռնողականությունը՝ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը պատահական չի համարում այն, որ Արցախյան շարժման 30-ամյակի միջոցառումների մեկնարկը տրվում է հենց այնտեղ, որտեղից սկիզբ է առել համազգային շարժումը:

«30 տարի առաջ այն ժամանակ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտն ալիքվեց ու դուրս եկավ հրապարակ՝ շարժումը դարձնելով համաժողովրդական: Այնպես, ինչպես 30 տարի առաջ էր, այսօր էլ ԱրՊՀ-ն ցույց է տալիս, որ ամենաառաջին արձագանքողն է մեր երկրում կատարվող և կատարվելիք իրադարձությունների: Ծրագիրը՝ ասվածի առհավատչյան»,- նկատում է ԱԺ խոսնակը:

Ելույթով հանդես եկավ նաև Արցախյան շարժման առաջամարտիկ, ԱրՊՀ նախկին ռեկտոր Համլետ Գրիգորյանը՝ պատմելով շարժման օրերին համալսարանականների նստացույցերի ու հացադուլների, նրանց համարձակ ու անձնազոհ քայլերի մասին, որոնցից սկիզբ էր առել շարժումը:

Ելույթներից հետո մասնակից թիմերը մասնակցեցին երեք փուլով ընթացած ինտելեկտուալ խաղին: Յուրաքանչյուր փուլի ընթացքում հնչեցին թեմատիկ հարցեր՝ Արցախյան շարժման պատմություն, հայագիտություն և արցախագիտություն, ընդհանուր զարգացողական հարցեր:

Ժյուրիի կողմից արդյունքների ամփոփման արդյունքում  մրցանակային առաջին տեղում էր Ասկերանի շրջանը ներկայացնող «Ռեստարտ» թիմը, երկրորդ տեղում՝ Ստեփանակերտը ներկայացնող «Բրեյն սթոուն» թիմը, երրորդ տեղում՝ Շուշիի շրջանը ներկայացնող «Ակորդ» թիմը: Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով, հուշանվերներով և գրքերով, առաջին տեղ զբաղեցրած թիմը՝ նաև գավաթով: Մյուս թիմերը պարգևատրվեցին հավաստագրերով, ծրագրին աջակցություն ցուցաբերած մի շարք ուսանողներ և աշակերտներ՝ շնորհակալագրերով:

«Շնորհավորում եմ բոլորիս հետաքրքիր և բազմաբովանդակ միջոցառման համար: Իսկապես անհրաժեշտ և նպատակային միջոցառում էր ոչ միայն բովանդակությամբ, այլև ընդգրկունությամբ»,- ասել է  ռեկտորը և հույս հայտնել, որ ուսանող-աշակերտ-զինվոր եռամիասնությունը չի խաթարվելու երբեք՝ միավորելով նաև հասարակության մյուս շերտերին:

Խաղից հետո համալսարանականները, դպրոցականներն ու զինվորականները եռագույնով շարժվել են դեպի Վերածննդի հրապարակ, աղավնիներ բաց թողել՝ ի խորհրդանշումն հարատև խաղաղության: