Արցախի պետական համալսարան

 

IMG 5690   IMG 54632

IMG 54708   IMG 54651

Դեկտեմբերի 19-ին ԱրՊՀ-ում  տեղի է ունեցել հոգեբանական  կենտրոնի բացման արարողությունը:

Բացմանը ներկա էին ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ՊՆ ԱՀՏԱ գծով տեղակալ Վարդան Բալայանը,  ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պաշտոնատար անձինք, համալսարանականներ:

ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը խրախուսելի է համարում մայր համալսարանի՝ բուհական կրթության նոր մշակույթի ձևավորմանն ուղղված քայլերը՝ նշելով, որ կենտրոնը դրական քայլ է ոչ միայն ուսանողների և դասախոսների պրակտիկ կարողությունների կատարելագործման, այլև քաղաքացիական հասարակությանը հոգեբանական ծառայությունների մատուցման տեսանկյունից:

«Կենտրոնի նպատակներն ու խնդիրները հուսադրում են, որ մասնագետների պատրաստումը կբերի որակական նոր աստիճանի, իսկ որակավորված հոգեբանների կարիք կա գրեթե բոլոր ոլորտներում, առանձնապես՝ դպրոցներում, զինված ուժերում, հասարակության բոլոր շերտերում»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հասարակությունը ճիշտ է ընկալում հոգեբանական ծառայության իմաստը:

ՊՆ ԱՀՏԱ գծով տեղակալ Վ. Բալայանը ևս կարևորել է  կենտրոնի դերն ու նշանակությունը: Նա նշել է, որ կենտրոնի ձևավորումից առաջ էլ ՊԲ-ն համագործակցել է հոգեբանության բաժնի դասախոսների և ուսանողների հետ՝ պարբերաբար կազմակերպելով հավաքներ սպա-հոգեբանների համար. «Միանշանակ կարիք կա որակավորված մասնագետների, որոնց օգնությամբ հնարավոր կլինի ուղղորդել ՊԲ հոգեբանական ինստիտուտի աշխատանքները, ինչն էլ կբերի առկա խնդիրների համատեղ լուծման»:

«Այն, ինչի մասին խոսվում էր երկար ժամանակ, այսօր իրականություն է: Հոգեբանական ծառայությունների կենտրոնը ծնունդ է հայկական երկու խոշոր բուհերի ԱրՊՀ-ի և ՀՊՄՀ-ի համագործակցության»,- նշել է ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ապա կարևորել վերջինիս նշանակությունը՝ իբրև հոգեբան մասնագետների պատրաստման դարբնոց և հասարակության հոգեբանական խնդիրներ ունեցող անդամներին հոգեբանական աջակցության  ցուցաբերման կենտրոն:

Կենտրոնի, նրա անհրաժեշտության և հետագա գործունեությանն անդրադարձան ԿԳՍ մասնագիտական կրթության և գիտության բաժնի պետ Լ. Ղարախանյանը, «Ապագա» հոգեբանական ծառայության կենտրոնի տնօրեն Ա. Բեջանյանը: Վերջիններս հավաստիացրին, որ ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը նախորդած 4-5 ամիսների աշխատանքը հող է նախապատրաստել կենտրոնի արդյունավետ գործունեության համար, և որ կենտրոնը պատրաստ է լիարժեք ծառայություններ մատուցելու: Ասվածը վկայում են ՀՀ առաջատար կենտրոններում մի քանի անգամ վերապատրաստումների մեկնած ուսանողներն ու դասախոսները, կահավորված սենյակներն ու ձեռք բերված գործիքակազմը:

Պաշտոնական բացման արարողությունից հետո հրավիրվածները շրջայց կատարեցին կենտրոնում, ծանոթացան պայմաններին: