Արցախի պետական համալսարան

 

IMG 6204   IMG 6222

IMG 6221   IMG 6203

Հունվարի 10-ից հոգեբանական կենտրոնում դասընթացներ և անհատական խորհրդատվություններ է իրականացնում հոգեբան-թերապևտ Արմինե Ադամյանը:

ԱրՊՀ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի համապատասխան բաժնի ուսանողներից կազմված խմբերում երեք շաբաթ տևողությամբ դասընթացներ են կազմակերպվելու մասնագիտական այնպիսի թեմաներով, ինչպիսիք են հոգեվերլուծությունը, մանկական թերապիան, ինչպես նաև կտրամադրվի հոգեբանական խորհրդատվություն:

«Երկրորդ անգամն եմ ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում և նախորդ այցելության ժամանակ ուսանողների հետ ունեցած շփումները թույլ են տալիս ասելու, որ պրակտիկ մի քանի դասընթացներից հետո նրանք կարող են ընդգրկվել կենտրոնի աշխատանքներում, ինչը պայմանավորված է ուսանողների և մասնագետների մասնագիտական պատրաստվածության և մոտիվացիայի մակարդակով»,- նշում է Ա. Ադամյանը:

Խոսելով կենտրոնի և ձևավորված մասնագիտական խմբի մասին` հոգեբան-մասնագետն ասում է, որ կենտրոնը համապատասխանում է հոգեբանական ծառայության մատուցման բոլոր չափանիշներին, և համապատասխան որակավորում ունեցող մասնագետներն ու ուսանողները կարող են ծավալել լիարժեք գործունեություն:

Հոգեբանական կենտրոնի աշխատանքներում ընդգրկվելու նպատակով հայաստանյան գործընկեր բուհերի համապատասխան կենտրոններում պարբերաբար վերապատրաստում անցած ուսանողնեըի խոսքով` նմանատիպ փոխայցելությունները հնարավորություն են տալիս կատարելագործելու մասնագիտական կարողությունները, ձեռք բերելու նոր հմտություններ:

«Ուսումնառության տարիներին ստացած տեսական գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն ունենք արդեն, ինչը տարիների երազանք էր մեզ համար: Ուրախ եմ, որ համալսարանի ղեկավարությունն ընդառաջեց մեզ և մեր խնդրանքին»,- ասում է ուսանողուհի Անի Գաբրիելյանը:

Նշենք, որ հրավիրված մասնագետն իրականացնում է նաև անհատական ընդունելություն` իրականացնելով մանկական և մեծահասակների թերապիա: