Արցախի պետական համալսարան

 

par

Ես ուզում եմ պատմել ազգային պարի մասին,  որ  բացահայտեք մի ուրիշ ու սիրուն աշխարհ, որն ինչքան իմն է, այնքան էլ ձերն է: Ուզում եմ պատմել այն մասին, թե ինչպես հարստացա մի օր, որ գնաք ու հարստանաք դուք էլ:

 

Մի անծանոթ զգացում գալիս, փաթաթվում է ծնկներիդ, սկսում ուղղել ուսերդ, քայլերդ, մտքերդ: Նայում է ուղիղ աչքերիդ մեջ ու ասում՝ «Այսուհետ միասին ենք ապրելու»:

 

Սկսում ես ճանաչել, հետո սիրել, հետո հասկանալ, որ «ճանաչել» բառը մի քիչ ճիշտ չէ: Շատ հեշտ է հնչում այդ «ճանաչել»-ը, թվում է` գործողություն է, որը կարելի է անել-վերջացնել, մինչդեռ ես մտածում եմ, որ «վերջնական» ճանաչելուն ոչ ոք չի հասնում, հենց հասավ, կանգ կառնի, կանշարժանա, իսկ դա հնարավոր չէ: Այ, սիրել կարելի է «վերջնական», նույնիսկ չափից շատ: Այդպես մի օր  ես սիրեցի ազգային պարը, որից կարելի է հարբել ու խելքի չգալ էլ: Ես սկսեցի սիրել ինձ, իմ ձեռքերը, ուսերը, ծնկները, որոնք ինձ թվաց՝ սիրունանում են ամեն  պարի հետ: Ես սիրեցի այն ազատությունը, որը գտա պարի մեջ ու զարմացա, որ մինչ այդ ապրել եմ առանց ազատության: Ես այնքան ուժեղացա, որ հաղթեցի ինձ, նայեցի իմ թերություններին ու սկսեցի ուղղել դրանք: Սկսեցի սիրել ինձ հետ պարողներին ու զգալ, որ ժամանակի մեջ չի կորչում մեր նմանությունը, որ մենք հզոր ենք, երբ միասին ենք: Ազգային պարն ինձ չափազանց մարդասեր դարձրեց: Զգացումը կենսակերպ դարձավ ու սիրունացրեց իմ օրերը, ճաշակ ձևավորեց, ստիպեց  շատ գեղեցկություններ տեսնել,  ուժեղ ու բարի լինել:

 

Ես սա ասում եմ որպես երիտասարդ, ով շատ ու շատ տարբեր երազանքներ ու ձգտումներ ունի, ով հասկացել է, որ առանց հնի նորը չեն գտնում, չեն «ճանաչում»: Ես սա ասում եմ, որ ձեզ ծանոթացնեմ իմ աշխարհի հետ, որը գտա՝ չկորցնելու համար, ասում եմ, որ գտնեք դուք էլ:

 

Արաքսյա ՄԻՐԶՈՅԱՆ

Լրագր. 2-րդ կուրս