ԱՅՍՕՐ ՔԱՐԻՆ ՏԱԿԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՕՐՆ Է

26.01

2018

There are no translations available.

 

IMG 6550   IMG 6637

IMG 6615   IMG 6555

Արցախյան գոյապայքարի համար 1992 թ. հունվարի  26-ը բեկումնային եղավ. Քարին տակի հերոսամարտը վճռեց պայքարի ելքը` հող նախապատրաստելով հետագա հաղթանակների և առաջին հերթին Շուշիի ազատագրման համար: Օրվա առթիվ Արցախի մայր բուհում կազմակերպվել է միջոցառում` նվիրված Քարին տակի հերոսամարտի տարեդարձին:

Տևական ժամանակ աներևակայելի ջանքեր գործադրեց ազերին` ծնկի բերելու գյուղը, տեղահանելու բնակչությանը: 1992 թ. հունվարի 26-ին ադրբեջանցիները գիշերը գրոհեցին գյուղը։ Պաշտպանության նախարար Մեհտիևի անմիջական ղեկավարությամբ մշակվում է մարտական գործողությունների պլան։ 1992թ. հունվարի 25-ի լույս 26-ի գիշերը հակառակորդը անցավ հարձակման: Քարինտակցիները մեկ մարդու պես համախմբվեցին, օգնության հասան շրջակա գյուղերի ինքնապաշտպանական ջոկատները և ինքնապաշտպանությունը լավագույնս  կազմակերպեցին: Ադրբեջանական կողմը պարտվելով դիմեց փախուստի՝ թողնելով զենք, զինամթերք և  կրելով 150-ից ավելի կորուստ։ Այդ օրը նշվում է որպես Քարին տակի ճակատամարտի օր։ Իսկ ադրբեջանցիները գյուղը անվանեցին «Արյունոտ ձոր»:

Հերոսամարտի պատմական և ռազմաքաղաքական նշանակության մասին միջոցառմանը ելույթներով հանդես եկան մարտական գործողությունների անմիջական մասնակիցներ, ովքեր գործունեություն են ծավալում ԱրՊՀ-ում: Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան, պահեստազորի գնդապետ, ծնունդով քարինտակցի Շահեն Այդինյանը, պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Մհեր Հարությունյանը:

«Մի ամբողջ զինված բանակ հարձակվեց ինքնաբուխ կազմակերպված գյուղական ջոկատի վրա և ջախջախվեց` գյուղի մատույցներում թողնելով 150-ից ավելի զոհ եւ մեծ քանակությամբ զենք ու զինամթերք: Հայկական կողմը նույնպես զոհեր եւ վիրավորներ է ունեցել այդ օրը: Զոհեր են եղել նաեւ խաղաղ բնակիչներից, ովքեր մինչեւ վերջ գտնվելով գյուղում` օգնել են մեր տղաներին: Արցախյան ազատամարտի տարբեր ռազմագործողություներում իրենց կյանքն են զոհել 45-ից ավելի քարինտակցիներ»,- ասել է Շ. Այդինյանը:

Քարին տակի համայնքի ղեկավար Մ. Առուշանյանը, ով ինքնապաշտպանական ջոկատի հրամանատար Վ. Առուշանյանի որդին է և անմիջական մասնակցություն է ունեցել մարտագործողություններին, նկարագրելով ինքնապաշտպանության ընթացքում բնակիչների ցուցաբերած խիզախությունը, նշել է. «Թշնամին  շրջապատեց Քարին տակը և գրոհեց չորս կողմից: Քարին տակցին չընկճվեց և չընկրկեց: Գյուղը ոտքի ելավ` պաշտպանելու իր տունը, իր օջախը, իր ինքնությունը: Եվ պաշտպանեց` հաստատելով իր հող ու ջրին կառչած մնալու հայի անկոտրում կամքը»:

Ռեկտոր Մանուշ Մինասյանը, միանալով օրվա կապակցությամբ հնչած շնորհավորանքներին, հավաստիացրել է, որ համալսարանը պատրաստակամ է համայնքին մատակարարել ոչ միյան որակյալ մասնագետներ, այլև հայրենասեր քաղաքացիներ, ովքեր ավագների օրինակով և ոգով պիտի սերունդներ կրթեն և դաստիարակեն:

Քարին տակի հերոսամարտի տարեդարձի կապակցությամբ ռեկտորի հրամանով պարգևատրվել են մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը, ուսման մեջ առաջադիմությամբ և պատշաճ վարքագծով աչքի ընկած քարինտակցի մի խումբ ուսանողներ:

Հայրենասիրական երգերով միջոցառման հաղթական ոգին և տրամադրությունը շարունակեցին ՊԲ «Ասպետ» համույթի տղաները: