ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

31.01

2018

IMG 6995   IMG 7006

IMG 7002   IMG 6989

Հունվարի 31-ին ԱրՊՀ-ում հրավիրվել էր տարվա առաջին գիտական խորհրդի նիստը, որին ներկա էր նաև ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:

Նիստը մեկնարկեց հաճելի արարողությամբ. ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհավորեց և նվերներ ու ծաղիկներ հանձնեց ԱրՊՀ պրոֆեսոր Անահիտ Աթայանին և դոցենտ Ալիսա Մարգարյանին՝ ընդգծելով նրանց ունեցած ավանդը համալսարանի կայացման գործում:

Օրակարգային հարցերում գերակշռում էին կանոնակարգային փոփոխություններն ու նոր կարգերի նախագծերի հաստատումը, որոնք ներկայացրեց ռեկտորը: Փոփոխություններ նախատեսված էին պրոֆեսորադասախոսական համակազմի ընտրության և պաշտոնների տեղակալման ընթացակարգում:

ԱրՊՀ-ն ինստիտուցիոնալ հավատարմագրման նախապատրաստական փուլում է, ուստի և պատահական չէր, որ գիտխորհրդի քննարկմանը ներկայացվեցին նոր փաստաթղթեր՝ ԱրՊՀ գործունեության բարելավման գործողությունների պլանը և ԱրՊՀ վարքագծի կանոնագիրքը:

Խոսելով վերոնշյալ երկու փաստաթղթերի անհրաժեշտության մասին՝ Մ. Մինասյանը նաև նշել է. «ԱրՊՀ գործունեության բարելավման գործողությունների պլանը, որը ենթադրում է 10 չափանիշ, 30 նպատակ և 102 գործողություն, բացի ֆորմալ փաստաթուղթ լինելուց, առաքելության, ռազմավարական պլանների վերանայման և այլ բնույթի աշխատանքների արդյունքում նաև քաղաքականության վերաձևակերպման հնարավորություն պետք է դիտարկել, իսկ վարքագծի կանոնագիրքը կառավարման կարևոր գործիք է, որը կարող է դրական ազդեցություն ունենալ կազմակերպության մշակույթի ձևավորման վրա»:

Նախարար Ն. Աղաբալյանի կարծիքը ևս միանշանակ է այս հարցում. «Ի դեմս հավատարմագրման՝ շատ կարևոր գործընթաց է սպասվում մեզ: Այն առաջին հերթին ենթադրում է չափանիշների համապատասխանեցում և որակի ճանաչելիություն. խնդիրներ, որոնք պարբերաբար առաջադրում են եվրոպական երկրներում, սակայն ինքներս պիտի շահագրգիռ լինենք, ապա միայն պահանջներ առաջադրենք»,- նշել է նախարարը՝ ակնկալելով համալսարանական բոլոր ստորաբաժանումների պատրաստակամությունը:

Պրոռեկտորներ Գ. Սահակյանը և Վ. Յարամիշյանը գիտխորհրդի հաստատմանը ներկայացրեցին համապատասխանաբար ուսումնական օրացույցում, ուսանողների գիտելիքների համակարգչային թեստային ստուգման գործընթացում նախատեսված փոփոխություններն ու լրացումները և ԱրՊՀ հոգեբանական կենտրոնում մասնագիտական ծառայությունների մատուցման և վճարների գանձման կարգը: Գիտքարտուղար Գ. Մարգարյանը ներկայացրեց պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնների տեղակալման համար հայտ ներկայացրած մեկ ավագ դասախոսի և երեք դոցենտի փաստաթղթային փաթեթների համապատասխանելիությունը, որոնց հաստատման համար կազմակերպվեց փակ գաղտնի քվեարկություն:

Գիտխորհուրդը տպագրության երաշխավորեց նաև երկու մենագրություն: