Արցախի պետական համալսարանի բակն այսօր մարդաշատ էր: 30 տարի անց մայր բուհում ժողովվել էր երիտասարդ սերունդը՝ ավագների առաջնորդությամբ շարժվելու դեպի Վերածննդի հրապարակ՝ վերահաստատելով հավատարմությունը նրանց նախանշած ուղուն:
Ուղիղ երեսուն տարի առաջ այս օրը՝ փետրվարի 13-ին, Արցախի բարձրագույն կրթական հաստատությունից՝ նախկին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտից, սկսվեց առաջին զանգվածային երթը: Հարյուրավոր ըմբոստ ու պատվախնդիր երիտասարդներ ազատ ու արժանապատիվ ապրելու գիտակցումով և այդ գիտակցումը կենսաձև դարձնելու հաստատամտությամբ առաջնորդեցին արցախյան առաջին երթը:
Նույն գիտակցումով այսօր համալսարանականները մասնակցեցին համաարցախյան հանրահավաքին: Դեպի հրապարակ շարժվող երթն առաջնորդելուց առաջ նրանք համախմբվեցին համալսարանի բակում՝ լսելու շարժման առաջնորդների խոսքը: Պատմական այդ օրերի առանձին դրվագներ հիշեց ԱրՊՀ դասախոս Գրիգորի Աֆանասյանը, ում անունն անմիջականորեն կապված է փետրվարտասներեքյան իրադարձությունների հետ:
«30 տարի է անցել այն իրադարձություններից, որոնցով մենք նախանշեցինք մեր լինելիության բանաձևը և հաղթեցինք, որովհետև ինքնորոշումը եղավ այն հիմնաքարը, որի շնորհիվ Արցախն այսօր միջազգային ճանաչման արդարացի պահանջ է առաջ քաշում: Հավերժ փառք Արցախի ազատությանը և մարդկային արժանապատվությանը»,- իր ելույթում նշեց Գ. Աֆանասյանը:
Զանգվածային երթերին և ցույցերին նախորդել են երկար և համառ գործընթացներ, որոնցով արցախյան հատվածի հայ ժողովուրդը փորձել է Կենտրոնին ներկայացնել Մայր հայրենիքի հետ ապրելու իր արդար պահանջն ու ցանկությունը, իսկ փետրվարի 13-ը հանրահռչակման պահն էր, երբ նախկին մանկավարժականը հրապարակ ելավ` աշխարհին ազդարարելու այդ ցանկությունը:
«Ռազմական դոկտրինայի այբուբենը, այն է՝ ես կարող եմ հաղթել, որովհետև պատրաստակամ եմ նահատակվելու հայրենիքիս համար, սերտած յոթ տասնյակից ավելի երիտասարդները նվաճեցին մեր ազատությունն ու անկախությունը և ժառանգեցին ձեզ: Այսօր մենք խնկարկում ենք նրանց հիշատակը և ասում՝ մենք պատրաստ ենք դիմակայելու մարտահրավերներին, որովհետև մեր մեջ նստած է 88-ի ոգին»,-դիմելով հանրահավաքին մասնակից ուսանողներին` շեշտեց ԱրՊՀ դասախոս, Աժ պատգամավոր Արզիկ Մխիթարյանը:
ԱրՊՀ-ում կայացած հանրահավաքից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի Վերածննդի հրապարակ`միանալով Արցախյան ազգային-ազատագրական շարժման 30-ամյակին նվիրված բազմահազարանոց հանրահավաքին: