ՀԱՆԴԻՊՈՒՄ ՇԱՐԺՄԱՆ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՀԵՏ

16.02

2018

 IMG 7304  IMG 7321
 
 
 
 
IMG 7346   IMG 7324
 

ԱրՊՀ պատմաիրավաբանական ֆակուլտետի և Հայագիտական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ փետրվարի 16-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել են արցախյան շարժման առաջամարտիկներ Արկադի Կարապետյանը և Վալերի Ղազարյանը:

ԱրՊՀ պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, ներկայացնելով հանդիպման խորհուրդը, նշեց, որ այն կազմակերպվում է շարժման 30-ամյակի միջոցառումների շրջանակներում և նպատակ ունի երիտասարդներին հասու դարձնել պատմական ճշմարտությունը, տոգորել նրանց ավագների սխրանքներով: 
«
Հանդիպումները պատմությունը կերտած անհատների հետ բացառիկ հնարավորություններ են վերստին համոզվելու, որ նրանք չեն դադարել պայքարել և շարունակում են իրենց ներուժն ի սպաս դնել մեր երկրի անկախությանն ու ազատությանը», -ասել է պրոռեկտորը:
Ազգայինին միտված սկզբունքային դիրքորոշումները արյան մեջ խեղդող խորհրդային իշխանությունների օրոք ընդհատակյա շարժում նախաձեռնած, ապա և ղեկավարած Արկադի Կարապետյանը ժլատ տեղեկություններ է հաղորդում այն օրերին իր և իր գաղափարակից ընկերների գործունեությունից: Ժլատ, որովհետև ոչ թե պակաս էր նրանց սխրանքը, այլ որովհետև խուսափում է խոսել այդ մասին: Փոխարենը մանրամասն խոսում է տեղեկատվական անվտանգության կանոններից և համացանցային այս դարաշրջանում սոցիալական ցանցերում ցուցաբերվելիք զգուշությունից:
«Շարժումը սկիզբ է առել Հայկ Նահապետից, իսկ 88-ը այդ շարժման մի առանձին փուլն էր, 30-ամյակը` նույն փուլի 30-ամյա պատմությունը: Ասել, թե շարժում եղավ, որը վերածվեց ազատագրական պատերազմի և այդքանով ավարտվեց ազգային պայքարը, ճիշտ չէր լինի: Շարժումն այսօր էլ շարունակվում է»,- նկատում է Ա. Կարապետյանը:
«88-ը ազգային ազատագրական պայքարի նոր փուլ է: Տարիների փորձս հուշում է, որ այսօր պետք է ուշադրություն դարձնել ձևակերպումներին, որովհետև ճիշտ քաղաքականության մշակման խնդիր ունենք նաև տեղեկատվական պատերազմում»,- գաղափարակցի միտքը շարունակում է Վալերի Ղազարյանը և խնդրին առնչվող որոշ բացահայտումներ անում:
Ներկաների երախտագիտության խոսքերին ի պատասխան հյուրերը նշում են, որ իրենց կողմից կատարվածը չնչին է այն բանի համեմատ, ինչ արել են տղաները, որոնք իրենց կյանքն են զոհաբերել:
Արցախյան շարժման, ապա և գոյապայքարի առաջամարտիկներն ընդգծված համեստությամբ էին խոսում իրենց գործունեության մասին, խուսափում «ես»-ից` փոխարենը օգտագործելով «մեր ընկերները» արտահայտությունը: Հանդիպման ընթացքում առաջամարտիկները պատասխանել են նաև ներկաների հարցերին: