Արցախի պետական համալսարան

IMG 7476   IMG 7461   

IMG 7479   IMG 7494

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակներում ՀՀ քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը երրորդ անգամ է մայր բուհում հանդես գալիս քաղաքական արդիական խնդիրների վերաբերյալ դասախոսություններով: Այս անգամ նա անդրադարձել է Ղարաբաղյան շարժմանն ու պետական գիտակցության ձևավորման հարցում նրա ունեցած դերին:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ողջույնի խոսքում ներկայացրեց Դ.Շահնազարյանի գործունեությունից դրվագներ` շարժման հետ կապված. նա Ղարաբաղյան շարժման առաջամարտիկ է, «Ղարաբաղ» կոմիտեի գաղտնի կազմի անդամ, ում բարերար գործունեությունը զգալի էր ոչ միայն շարժման ընթացքում, այլև դրան հաջորդած տարիներին:

Քաղաքական գործիչը, խոսելով շարժման նոր փուլի ակունքներից և շարժիչ ուժից, առաջին հերթին կարևորեց մտավորականության դերը, որը Հայաստանում առավել կայացած և կենսունակ շերտ էր, քան Ադրբեջանում: Այդ մտավորականությունն էր, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանում և Արցախում ձեռնամուխ եղավ քաղաքական ինստիտուտների կազմավորմանը, որոնցից ամենակարևորը, Դ. Շահնազարյանի խոսքով, Հայաստանի և Արցախի պաշտպանությունն ապահովող զինված ուժերն էին:

Բանախոսը շեշտը դրեց շարժման նախանպատակի և հետագա զարգացումների վրա: Շարժումը նախևառաջ վերամիավորման խնդիր և պահանջ էր դրել, այնինչ այն հետագայում վերափոխվեց ինքնորոշման: Քաղաքական այդ բարդագույն խնդիրները, դրանց խմբագրումը քաղաքագետը քաղաքական հանգամանքների պահանջ է համարում, ապա կարծիքը հիմնավորում փաստերով:

Ղարաբաղյան շարժման դերը պետական գիտակցության ձևավորման գործում ամբողջական էր, քանի որ պետականությունը շարժման շարունակություն և արդյունք էր, ինչը ավագ սերնդի երազանքի իրականացումն էր: «Այդ երազանքը` Արցախը` որպես պետություն, ձևավորվեց պայքարում, զարգացավ պայքարում և պայքարով էլ պիտի հասնի միջազգային ճանաչման»,-ասում է Դ. Շահնազարյանը` պայքարի երրորդ փուլի հաղթանակը տեսնելով երիտասարդ սերնդի ձեռքերում:

Այսօր քաղաքական օրակարգում է Արցախի` բանակցային սեղան վերադառնալու հարցը, որի ուղղությամբ ջանադիր աշխատանքներ են իրականացվում Հայաստանի և Արցախի դիվանագիտական շրջանակների կողմից: Ահա այստեղ է, որ Դ. Շահնազարյանը տեսնում է երիտասարդ սերնդի անելիքը. «Համալսարանը, կրթությունը ձեր առաջին գիծն է, սահմանը, որը պետք է պահեք ամենայն պատասխանատվությամբ,-դիմելով ուսանողությանը` նշում է նա,- քանի որ ինտելեկտուալ սերունդն է, որ պիտի շարունակի և ավարտին հասցնի Արցախի միջազգային ճանաչման գործընթացը»:

Դ. Շահնազարյանը պատասխանել է նաև ուսանողների, դասախոսների և լրագրողների հարցերին: