Արցախի պետական համալսարան

IMG 7545   IMG 7647

IMG 7532   IMG 7530548

Փետրվարի 19-ը`  հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի  տարի  է նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Օրվա կապակցությամբ այսօր ՈւՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժնի և Գիտական գրադարանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում:

Միջոցառման նախաձեռնողներից ՈւՀՏԱ, ՀԿ և լրատվության բաժնի պետ Զարինե Սառաջյանը նկատում է, որ օրը առիթ է արժևորելու ինչպես գրքի դերն ու նշանակությունը, այնպես էլ մեր կողքին ապրող գիր ու գրականություն ստեղծող անհատներին:

Կարծիքին, թե երիտասարդ սերունդը հեռացել է գրքից, համամիտ չէ Զ.Սառաջյանը: «Մի բան է կարդալ գիրքը, այլ բան` ընկալել այն: Այսօր մենք ունենք գիրքը ճիշտ և ճշմարիտ ընկալողների բանակ, որի հավատարիմ զինվորները դուք եք»,- դիմելով ուսանողներին` նշել է նա:

ԱրՊՀ պրոֆեսոր, բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ Սոկրատ Խանյանը պատահական չի համարում ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրը գրքի նվիրաբերմամբ նշանավորելու խորհուրդը. «Առաջին գիրքը, որ վերցրել ենք մեր ձեռքը, Թումանյանի հեքիաթներն էին: Նրա ստեղծագործությունն ամբողջությամբ հայ է ու հայկական` ներծծված մեր ազգային ոգով»:

Ուսանողներն իրենց ելույթներում արժևորեցին գրքի և ընթերցանության նշանակությունը, միմյանց պատգամեցին սիրել և հավատարիմ մնալ գրքին ու գրականությանը, ապա ասմունքեցին հայ դասականների գործերից:

Օրվա խորհրդին հավատարիմ` իրենց հեղինակած գրքերից Ս.Խանյանը, Զ.Բալայանը, Զ.Սառաջյանը նվիրեցին գրադարանին և ուսանողներին: Գրադարանի կողմից գրքեր նվիրվեցին նաև գրադարանից հաճախակի օգտվող ուսանողներին:

Հավելենք, որ ԱրՊՀ Գիտական գրադարանն իր մասնակցությունն է բերել ՀՅԴ ԱԵՄ նախաձեռնությամբ և ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ կազմակերպված «Գրքի բանկ-նվիրատվություն» ծրագրին` գրադարանի ֆոնդից նվիրելով 50 միավոր գիրք, որը կուղղվի Քաշաթաղի շրջանի Քաշունիք համայնքին: