Արցախի պետական համալսարան

59811   45612

Փետրվարի  19-ը  նշանավորվեց  մի  խումբ   գրքասերների   համար. իրականություն  դարձավ  վաղուց  փայփայած   երազանքը` բացվեց  ‹‹Գրոց տուն››  գրական  ակումբը:

Չնայած մենք ապրում ենք 21-րդ դարում, որտեղ տիրում է համացանցի գերիշխանությունը, սակայն չի կարելի ասել, թե գիրքը կորցրել է իր արժեքը, ավելին` հետզհետե ավելի է կարևորվում գրքի նշանակությունը մեր հասարակության կյանքում: Եթե մարդ  ունի նպատակ  և  հզոր   կամք, ապա   ամենածանր  դժվարությունները  նույնիսկ  կարող  են    հեշտ  թվալ: Բոլորս  հաջողակ  ենք, հարկավոր  է միայն հավատալ դրան  և  անվեհեր կամքով  շարժվել առաջ: Ահա  այդ  նպատակաուղղվածությունն  էր, որ  համախմբեց   երեք  գրքասերների, ովքեր իրականություն դարձրին  վաղուց  փայփայած  իրենց   երազանքը:  ‹‹Գրոց  տուն›› գրական  ակումբի   հիմնադիրներն են  11-րդ  ավագ դպրոցի  աշակերտներ  Ասպրամ  Իսրայելյանը, Սյուզաննա  Իսկանդարյանը  և  Աննա  Գասպարյանը: Ասպրամ  Իսրայելյանը  պատմում  է,  որ    օրերից մի օր  նրա մայրը հայտնեց,  որ  Վարդգես  Պետրոսյանի  հարևանուհին ցանկանում  է  գրական  ակումբ   հիմնել  և   գիրք  սիրող  երիտասարդներին  համախմբել մեկ  գաղափարի  շուրջ: Միայն  այն  միտքը,  որ ակումբի  հիմնումը  կարող  էր   իրականություն դառնալ, արդեն իսկ  մեծ հաղթանակ  էր: Ասպրամը  նշում  է  նաև,  որ  մանկությունից մայրիկը   հորդորել   էր  ընթերցել  Վարդգես Պետրոսյանի գրքերից: Ընթերցելուց  հետո   նա  դժգոհեց,  սակայն  տարիներ  հետո  հասկացավ  այդ  անգնահատելի գրքի  արժեքը: Ակումբի  հիմնադրման   գործում մեծ  էր նաև  տիկին Անահիտի  դերը, ով աշխատում  է  ‹‹Մուրացանի›› անվան   գրադարանում`   որպես   գրադարանավարուհի: Նա  ոգեշնչեց  իրենց՝  նշելով,  որ   փոքր  քայլերով կհասնեն  նվիրական երազանքների: Ակումբի   բացմանը   ներկա   էին  գրողներ  Դավիթ  Միքայելյանը,  Նվարդ  Սողոմոնյանը, ԱրՊՀ  բանասիրական  ֆակուլտետի  դեկան Լ. Մարգարյանը և  ուրիշներ: Դավիթ  Միքայելյանը  իր ելույթում  նշեց,  որ  կարևոր  է  կրթված  և  դաստիարակված  սերունդ  ունենալը: Նրա խոսքով, վերջին ժամանակներս  կարծես  փոքր-ինչ  նվազել   է  գրքի  դերը,  բայց   այսօրվա սերունդը կրկին  դարձել  է իր  նախորդ  սերնդի  արժանի    հետնորդն ու արժեքների կրողը: Հավելենք, որ ակումբին կարող են անդամակցել նաև ԱրՊՀ ուսանողներ:

 Սոնա ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ

Հ. լ. և գրակ. 2-րդ կուրս