ՄԻՋՈՑԱՌՈՒՄ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ

21.02

2018

hog1   hog2

hog3   hog4

Փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզվի միջազգային օր: Օրվա կապակցությամբ ԱրՊՀ-ում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել է գրական-գեղարվեստական միջոցառում, որի ընթացքում ուսանողները հանդես են եկել մայրենի լեզվին ձոնված կատարումներով` ասմունք, երգ, երգիծական ժանրի ստեղծագործություններ, պար:

Օրը առիթ է ևս մեկ անգամ մայրենի լեզուն արժևորելու, լեզվապահպանության խնդիրներին անդրադառնալու: Առիթ, բայց ոչ պատճառ, քանի որ յուրաքանչյուրիս պարտքն է պահել, պաշտպանել և պաշտել մայրենին. սա էր միջոցառման խորհուրդը, և այսպիսին էին երեք սերունդների՝ միմյանց հղված պատգամները: Ավագներն ապագա մանկավարժներին, ապագա մանկավարժները՝ մատաղ սերնդին կոչ արեցին սրբորեն պահպանել մեր գոյության առհավատչյան, մեր լինելիության խորհուրդը, հավատարիմ մնալ նրա արժեքներին և գաղափարներին:
Կարևորելով միջոցառումը` ԱրՊՀ պրոռեկտոր Վ.Յարամիշյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շ.Այդինյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Մ.Յարամիշյանը օրվա կապակցությամբ շնորհավորել և շնորհակալություն են հայտնել կազմակերպիչներին և մասնակիցներին, ընդգծել նրանց դերը լեզվապահպանության գործում:
«Այսպիսի միջոցառումները գալիս են հաստատելու մի պարզ ճշմարտություն՝ սերը առ մայրենին ծիլ է տվել ձեր հոգում, և դուք պատրաստ եք ծաղկեցնելու այն, իսկ պտուղները` բաժանելու սերունդներին»,- ասել է Մ.Յարամիշյանը: