ՄԱՅՐԵՆԻԻ ՕՐԸ` ԱՌԻԹ ՄԵԾԱՐՄԱՆ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՎԵՐՀԱՆՄԱՆ

22.02

2018

IMG 7831   IMG 7829

IMG 7851   IMG 7861

Փետրվարի 21-ին մայրենի լեզվի միջազգային օրվա առթիվ Ակ. Ս.Աբրահամյանի անվան հ. լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ միջոցառում է կազմակերպվել բանասիրական ֆակուլտետում:

Միջոցառման ընթացքում ֆակուլտետի դեկան, բ.գ.թ., դոցենտ Լուսինե Մարգարյանը, հանդես գալով «Լեզուն հայրենիքն է» թեմայով զեկուցումով, ներկայացրել է Արցախում իրականացվող լեզվաքաղաքականությունը և այդ համատեքստում գնահատել լեզվի դերը հանրային գիտակցության մեջ:

«Լեզվով տեսակն են պահպանում, լեզվով ճանաչում ես աշխարհը, ու քո տեսակը ճանաչելի է դառնում աշխարհին քո լեզվով»,- նկատում է Լ. Մարգարյանը՝ հղում անելով ինչպես արևելահայերենին, այնպես էլ արևմտահայերենին, որոնցից երկրորդը իր կենսունակությունը չկարողացավ պահել հայրենազրկվելու պատճառով: Այլ է պատկերը արևելահայերենի դեպքում. հայկական միջավայրում գոյության պահպանման համար կան բոլոր նախադրյալները՝ գիտակցությունից մինչև օրենսդրական կարգավորում, այնինչ հաճախ տպավորություն է ստեղծվում, թե լեզվի պահպանության գործը առանձին կառույցների կամ շահագրգիռ կառույցների խնդիրն է, անհատներինը՝ նվազ չափով:

«Լեզվով տեր ես այն տարածքին, որտեղ բնավորվել ես, և այդ տարածքը հայրենիք հասկացությամբ ամբողջացնողը լեզուն է, իսկ այդ հայրենիքը երաշխավորվում է լեզվով: Այդ երկուսի կապն անխախտ պահողը՝ պետականություն ունեցող լեզվակիր հանրությունն է՝ իր գիտակցված ու օրինապահ վարքագծով»,- ամբողջացնում է լեզվաբանը՝ ահազանգելով լեզվին և նրա անաղարտությանն առնչվող օրախնդիր մի շարք հարցեր, որոնց մի մասին անդրադարձան նաև ուսանողները:

Բառաձևերի, բառագործածության, անհամաձայնության, խնդրառության, փոխառության, կապակցական և այլ սխալներ, բարբառային ազդեցություններ, ավելորդաբանություններ, օտարաբանություններ. լեզվական սխալների այսպիսի կիրառություններ են նկատել ուսանողները՝ հետևելով ԱՀ և ՀՀ հեռուստաեթերին, մասնավորապես ԱՀ, Հ1, Հ2, Շանթ, Կենտրոն, Երկիր Մեդիա հեռուստաալիքներով հեռարձակվող ամենատարբեր հաղորդումներում: