Արցախի պետական համալսարան

zoramas4   Nzoramas

Nzoramas5   zoramas6

Հայրենյաց պաշտպանի տոնի առթիվ Արցախի պետական համալսարանի ուսանողներն ու դասախոսներն այցելել են N զորամաս:
Զորամասում համալսարանականներն ու զինվորականները ծաղիկներ են խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին, այնուհետև շրջել զորամասում, ծանոթացել զինծառայողների առօրյային, կեցության պայմաններին և նրանց հանձնել ծանրոցներ:

Համալսարանի դասախոսները զինծառայողներին շնորհավորել են հայրենյաց պաշտպանի օրվա առթիվ, հանդես եկել ելույթներով:
ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների, հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Զարինե Սառաջյանն ասել է, որ համալսարանի դասախոսներն ու ուսանողները կարևորում են բուհ-բանակ կապի ամրապնդումը:
«Մենք հաճախակի ենք կազմակերպում նման այցեր: Մեր ուսանողները տարբեր ծրագրերով լինում են զորամասերում: Հայրենյաց պաշտպանի օրն առիթ է՝ մեկ անգամ ևս այցելելու զորամաս, անձամբ շնորհավորելու զինվորներին և արժևորելու նրանց սխրանքը: Մեր զինվորները պետք է գիտակցեն, որ մենք միշտ իրենց կողքին ենք»,-ասել է Զ.Սարաջյանը: 
«Զինծառայողները նման միջոցառումների ժամանակ մի պահ կտրվում են իրենց առօրյայից, շփվում հյուրերի հետ և ավելի մեծ նվիրվածությամբ շարունակում իրականացնել իրենց ծառայությունը: Ցանկալի է, որ նման հանդիպումները պարբերական բնույթ կրեն»,-նշել է N զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ,փոխգնդապետ Հովիկ Սարգսյանը:
Համալսարանի ուսանողներն օրվա առթիվ զորամասում հանդես են եկել համերգային ծրագրով: