Արցախի պետական համալսարան

IMG 8314   IMG 8311

IMG 8330   1458711

Փետրվարի 26-ին ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել քաղաքագետ,  «Կովկաս» ինստիտուտի հիմնադիր-տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Ներկայացնելով բանախոսին` ռեկտոր Մանուշ Մինասյանը, ընդգծել է համալսարանի և «Կովկաս» ինստիտուտի ակտիվ համագործակցության արդյունքում իրականացվող  ծրագրի արդյունավետությունը` հույս հայտնելով, որ այն կշարունակվի նաև այլ ձևաչափերով:

 Երեսուն տարիների հեռվից վերլուծելով 88-ի իրադարձությունները և դրանց քաղաքական զարգացումները մինչև մեր օրեր` Ալեքսանդր Իսկանդարյանն իր դասախոսության ընթացքում մեկնաբանել է «շարժման անցյալը և ապագան»:

«Ի՞նչ ունեինք մենք և ի՞նչ ունենք հիմա, ի՞նչ էինք երազում 88-ին և այսօր»,- ահա բանախոսության գլխավոր հարցադրումը, որին մեկնաբանն անդրադարձավ համակողմանի և մանրամասն: Ազգային ազատագրական շարժում, գոյապայքար, զինադադար, հարաբերական խաղաղություն, ինքնորոշում, ստատուս-քվո. այս ամենի մասին խոսելիս քաղաքագետը հիշեցնում է անցած ճանապարհը և ներկա մարտահրավերները` նկատելով, որ այսօր քաղաքական առաջնահերթություն պետք է դիտարկել ոչ թե միջազգային ճանաչումը` որպես արդյունք, այլև ճանաչման հասնելու ճանապարհը:

«Պետք է ստեղծել այնպիսի համակարգ, որում գործող քաղաքական բոլոր մեխանիզմների աշխատանքը համապատասխան լինի ներքին և արտաքին նորմերին»,- մեկնաբանում է Ա. Իսկանդարյանն  ու օրինակ բերում ՀՀ երեք նախագահներին: Նրանք տարբեր էին իրենց տեսակով, կրթությամբ, աշխարհայացքով, գրեթե նույնը` քաղաքական հայացքներով:

Զուգահեռելով 88-ի և ներկայիս իրականությունը` քաղաքագետն առաջին հերթին շեշտադրում է քաղաքական բալանսը: 88-ը խորհրդային միության կազմում հայաբնակ երկու վարչատարածքային միավորների վերամիավորման խնդիր էր առաջադրել, այնինչ 30 տարի անց օրախնդիր է միջազգային ճանաչման հարցը, ինչը խոսում է քաղաքական բալանսի մասին: Իբրև ասվածի առհավատչյա` քաղաքագետը առաջ է քաշում 2016-ի ապրիլյան էսկալացիան, որը, նրա խոսքով, ցույց տվեց, որ 18-20 տարեկանները ի վիճակի են դիմակայելու ադրբեջանական հատուկջոկատայիններին:

Ղարաբաղյան հակամարտության ու նրա կարգավորման գործընթացում ունեցած ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը քաղաքագետն անդրադարձավ ֆորմալ և ոչ ֆորմալ առումներով: Խմբի ֆորմալ գործունեությունը չի առնչվում կարգավորման մեխանիզմներին, այն ավելի շատ բնութագրելի է իբրև կոնֆլիկտների կառավարում, քան կարգավորում: Իսկ կարգավորումն այսօր ներկայանում է հետևյալ պատկերով` «Ադրբեջանական կողմ` վերադարձ 88-ի ռեժիմին, երբ անվտանգությունը պետք է ապահովեն զինված ուժերը, որոնց շարքերում ծառայում են սաֆարովները: Հայկական կողմ` քաղաքական ներկայիս իրավասությունները` միջազգային ճանաչման հավելմամբ»,- վերլուծում է քաղաքագետը:

Հանդիպման վերջում բանախոսը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է քննարկում: