ՔՆՆԱՐԿՎԵՑԻՆ ԱՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

26.02

2018

There are no translations available.

IMG 8175   IMG 8180

IMG 8178   IMG 8286

Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայր բուհում կազմակերպվում են նաև գիտաճանաչողական քննարկումներ: Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ կազմակերպված կլոր սեղանի ձևաչափով քննարկման առանցքում այս անգամ ԱՀ բանկային համակարգն էր:

Ձևավորվելով 90-ականներին, երբ տնտեսությունում տեղի էին ունենում արմատական փոփոխություններ, հայկական երկու հանրապետությունների բանկային համակարգերը սկսեցին գործել նույն հարթությունում, ինչով և պայմանավորված է կլոր սեղանի թեմայի արդիականությունը:  

Կլոր սեղանին հրավիրված էին ԱՀ ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ԱՀ նախագահի խորհրդական, 1992-2017 թթ. ԼՂՀ ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, ԱՀ ԿԱ կառավարչության ղեկավարի խորհրդատու, 1996-2015թթ «Արցախբանկ» ՓԲԸ վարչության նախագահ Կամո Ներսիսյանը, 1994-1998թթ  ՀՀ ԿԲ նախագահ, տ.գ.թ., դոցենտ, ԵՊՀ դասախոս Բագրատ Ասատրյանը, 1983-1996թթ.  «Կենտրոնական խնայբանկի» կառավարիչ, 1996-2015 թթ. «Արցախբանկ» ՓԲԸ թիվ 1 մասնաճյուղի կառավարիչ Ռոբերտ Գրիգորյանը:

«Բանկը երկրի տնտեսության կենտրոնական այն կառույցներից է, որի օրինաչափ գործունեությունը շուկայական հարաբերությունների ստեղծման անհրաժեշտ պայմանն է, ուստի նպատակ ենք ունեցել հանրապետությունում բանկային ինքնուրույն համակարգի ձևավորման ու կայացման ակունքներում կանգնած անհատների մասնակցությամբ քննարկել ոլորտի ձեռքբերումները, խնդիրներն ու զարգացման հեռանկարները»,- նշում է Ն.Ավանեսյանը:

Նախքան քննարկմանն անցնելը` «Ֆինանսներ» մասնագիտության երկրորդ կուրսի մագիստրանտ Միհրան Թադևոսյանը ներկայացրեց ԱՀ տարածքում գործող բանկային համակարգի համապատկերը, վիճակագրական ծառայության տվյալների հիման վրա առանձին բանկերի որոշ ցուցանիշների վերլուծություն:

Քննարկման ընթացքում մասնակիցները վերոնշյալ ցուցանիշների վերաբերյալ կիսել են իրենց կարծիքները, քննարկել բանկային համակարգի գործունեության արդիական խնդիրներ, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: