Արցախի պետական համալսարան

IMG 8758   IMG 8755

Հարցազրույց նկարիչ և քանդակագործ Լավրենտ Ղալայանի հետ

- Պարոն Ղալայան, ինչպե՞ս  է սկսվել  Ձեր ստեղծագործական ուղին, ի՞նչը հիմք հանդիսացավ այդ ուղղությամբ աշխատելուն:

- Դեռևս դպրոցական տարիներից զգում էի, որ ինչ-որ ջիղկա մեջս , սակայն չկար մասնագետ , ով ուղղություն տար ինձ: Հիշում եմ՝ առաջին դասարանում էի, երբ նկարչության ուսուցչուհիս (ի դեպ՝ Ջալալյանների տոհմից էր) ասաց ինձ ` տղա ջան, տաղանդ ունես: Սկզբում չէի հասկանում՝ ինչ է ասում , հետո քրոջս հարցրեցի , նա ասաց՝ տաղանդը արտակարգ երևույթ է մարդու մեջ, որը պետք է վերարտացոլվի: Այդպես էլ սկսեցի աշխատել այդ ուղղությամբ:

- Բոլորին  հայտնի է, որ  Արցախի Հանրապետության զինանշանի հեղինակն եք : Սակայն ոչ բոլորը գիտեն՝ ինչպես է այն ստեղծվել : Կպատմե՞ք այդ մասին :

-Երբ հայտարարեցին այդ մրցութի մասին , տրվեց ժամանակ: Սկսեցի նյութեր հավաքել, ինձ հետաքրքրում էր յուրաքանչյուր փաստ. ինչ ենք ունեցել  ժամանակին մենք՝ ղարաբաղցիներս: Նույնիսկ հասել էի հայտնի պատմաբան Բագրատ Ուլուբաբյանի մոտ, քանի որ ինձ հիմք էր անհրաժեշտ, որով ես կարող էի աշխատել: Երկար աշխատանքից հետո, կազմածս տասնմեկ տարբերակներից ընտրելով ամենահաջողվածը, ներկայացրի ցուցահանդեսում: Աշխատանքս հանձնելիս խնդրեցի , որպեսզի պահպանվի գաղտնիությունը, և հաղթի այն աշխատանքը , որը արժանի է: Մասնակիցների թիվը հասնում էր քառասունի: Մրցույթի վերջում ընտրվեց իմ գործը:

   -Զինանշանը ստեղծելիս, յուրաքանչյուր խորհրդանիշ ընտրելիս  կա՞ր  որևէ մեկի աջակցությունը, թե՞ ամբողջությամբ  Ձեր մտահղացումն էր:

-  Շատերի հետ էի զրուցում, մանավանդ՝ պատմաբանների , գրականագետների, փիլիսոփաների  հետ էի խորհրդակցում: Սնվել եմ նրանց  խորհուրդներից , բայց, վերջիվերջո, իմ մտահղացումներով ստեղծել:

    Զինանշանի հետ  կապված ինձ զայրացնում է այն, որ մեր փողոցներում, շենքերի վրա զինանշանի բնօրինակը չէ պատկերված (փոխում են տառատեսակը, գույնը, տառաչափը): Ճիշտ տարբերակը պատկերված է  միայն  նախագահական և կառավարության շենքերում :

   -Ո՞րն եք համարում Ձեր ամենահաջողված գործը: Ներկա պահին ի՞նչ աշխատանքով եք զբաղված:

-  Պատկերացրեք  ծնողին հարցնեն ՝ որն է նրա ամենահաջողված զավակը: Նույնն էլ ինձ համար աշխատանքներս  են. յուրաքանչյուրը կարևոր տեղ ունի իմ կյանքում :

Ներկա պահին աշխատում եմ մեր գյուղի՝ Դրմբոնի հուշարձան-համալիրի վրա, որը, կարծում եմ, իր տեղը կունենա Արցախի պատմության մեջ:

     -Ի՞նչ կասեք ժամանակակից գեղանկարչության մասին: Ունե՞ք նախընտրած ուղղություն:

     -  Յուրաքանչյուր նկարիչ ունի իր աշխարհը, իր ձեռագիրը : Սիրելով տվյալ նկարչի աշխարհը` ինքնըստինքյան սիրում ես նաև այդ նկարչին: Տարբեր ուղղություններ կան: Ես` ինքս,  ռեալիստ եմ, որովհետև քանդակի մեջ եմ, և ընդունում եմ ռեալը՝ աստվածատուրը: Կան նկարիչներ, որոնք անցնում են այդ սահմանը, որին ես  դեմ չեմ, քանի որ ամեն մարդ իր պատկերացումներն ունի :

  - Ի՞նչ խորհուրդ կտայիք սկսնակ նկարիչ-քանդակագործներին: Ո՞րն է Ձեր նշանաբանը:

-Նկարչությունն իր զարգացման ճանապարհն ունի և մեթոդները: Պետք է ամեն օր աշխատես, ինքնազարգանաս, ինքնակրթվես,  որպեսզի հասնես հաջողությունների, չպիտի կանգ առնես: Ըստ ինձ՝ մարդու մեջ երկու տոկոս կազմում է տաղանդը, իսկ մյուս իննսունութը՝ աշխատասիրությունը: Այնքան տաղանդ կա ի վերուստ տրված, որ ժամանակի ընթացքում անհետանում է: Մարդ պետք է աշխատասիրությամբ օժտված լինի, որպեսզի հասնի բարձունքի:

Հարցազրույցը վարեց Լիդիա Սահակյանը, լրագր. 3-րդ կուրս