Օրերս ԱրՊՀ գրականության և ժուռնալիստիկայի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված ցերեկույթը ԱրՊՀ պրոֆեսոր, բ.գ.թ. Անահիտ Աթայանի ծննդյան 70-ամյակի առթիվ էր:
Միջոցառմանը, որին մասնակցում էին Ա.Աթայանի ներկայիս և նախկին ուսանողներն ու գործընկերները, ներկայացվել է Ա.Աթայանի անցած գիտամանկավարժական ուղին, գրականագիտության, մասնավորապես` մանկական գրականության տեսության մեջ ունեցած նրա ավանդը, ապա և Աթայան մանկավարժի, գիտնականի, դասախոսի, ընկերոջ և բարեկամի կերպարը:
Ա.Աթայանին տրվող բնորոշումներում բոլոր ելույթ ունեցողները շռայլ էին և պերճախոս: Երախտագիտության և մեծարման խոսք ասողների շարքում էին նրա սաները, ովքեր այսօր ոչ միայն համալրել են ամբիոնի դասախոսական կազմը, այլև ղեկավարում են համալսարանական տարբեր ստորաբաժանումներ: Ներկաները կիսեցին Ա.Աթայանի հետ կապված իրենց հուշերը, պատմեցին հետաքրքիր դեպքեր, գնահատանքի ու մեծարման խոսք ասացին` արժևորելով հոբելյարի վաստակը:
Գործընկերներն ու ուսանողները հոբելյարին շնորհավորեցին նաև իրենց հեղինակային ստեղծագործություններով, նրան ձոնված չափածո տողերով:
Ա.Աթայանը շնորհակալություն հայտնեց ներկաներին գնահատանքի համար` խոստովանելով` հոգատարությունը, որ մշտապես զգում է կոլեկտիվում գործընկերների կողմից և այն ջերմ հայացքները, որոնց հանդիպում է լսարանում, մեծագույն գնահատանքներից են: