ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ՝ ԳԵՐԱԿԱ ՆՊԱՏԱԿ

06.03

2018

IMG 8514   IMG 8526

IMG 8555   IMG 8607

Գերակա նպատակ ունենալով ժամանակի պահանջներին և չափանիշներին համապատասխան մասնագետներ պատրաստելը՝ ԱրՊՀ-ում վերանայվել են բոլոր մասնագիտությունների ուսումնական պլանները՝ գիտխորհրդի որոշմամբ փորձուսուցման համար հատկացնելով ավելի շատ ժամաքանակ, քան նախորդ տարիներին: Այս փոփոխությունների արդյունքում փետրվարի 12-ից մարտի 9-ն ընկած ժամանակահատվածում մանկավարժական, ուսումնական և արտադրական փորձուսուցում են անցել 14 խմբերի ավելի քան 220 ուսանող:

Ամփոփելով փորձուսուցման արդյունքները՝ ԱրՊՀ փորձուսուցման բաժնի պետ Անուշ Հայրապետյանը նշում է, որ փորձուսուցման խնդիրների, նպատակների և ակնկալվող արդյունքների վերաբերյալ տևական ժամանակ քննարկումներ են եղել ինչպես բուհի ղեկավարության, այնպես էլ փորձուսուցման ղեկավարների և գործատուների հետ:

«Արդյունքում մեր կողմից մշակվել է նոր ծրագիր, որը նախատեսվում է փորձուսուցումն իրականացնել շարունակականության և հաջորդականության սկզբունքներով, մասնագիտական կարողությունների աստիճանական զարգացման մեխանիզմով»,- ասում է Ա.Հայրապետյանը:

Բուհը շահագրգռված է որակյալ կադրերի թողարկմամբ, այսինքն՝ մասնագետների, որոնք տեսական գիտելիքներին զուգահեռ կտիրապետեն նաև պրակտիկ հմտությունների, ինչը հնարավորություն կտա բուհն ավարտելուն պես աշխատանքի անցնել տնտեսությունում: Հուրախություն բուհի, այս առումով հաջողություններ գրանցվել են. փորձուսուցումից հետո մի քանի ուսանողներ գործատուների կողմից ստացել են առաջարկներ:

ԱրՊՀ-ի և պետական ու մասնավոր հատվածի միջև մի շարք պայմանագրերի արդյունքում այս փուլում ընդլայնվել է փորձուսուցման վայրերի աշխարհագրությունը: Այսպես, լրագրության բաժնի ուսանողները առաջին անգամ եղել են ՊԲ «Գոյամարտ» հեռուստաստուդիայում, «Արցախպրես» լրատվական գործակալությունում, կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա բաժնի ուսանողները՝ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնում և այլն: