ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ` Ի ՆՊԱՍՏ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԲՆԱԿԱՆՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

06.03

2018

There are no translations available.

Arushanyan

Համալսարանի տարբեր ստորաբաժանումներն իրենց ամենօրյա աշխատանքով ապահովում են համալսարանի բնականոն գործունեությունը: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս ուսումնականը ևս ԱրՊՀ-ի համար նշանավորվեց նոր ձեռքբերումներով: Վարչատնտեսական ուղղությամբ գրանցած ձեռքբերումների և անելիքների մասին «Արցախի համալսարան»-ը զրուցել է պրոռեկտոր Կարեն Առուշանյանի հետ:

-Պարո΄ն Առուշանյան, արդեն հինգերորդ տարին է, ինչ Ձեր պատասխանատվությամբ աշխատանքներ են իրականացվում համալսարանի նյութատեխնիկական բազայի հարստացման և մասնաշենքերի ընթացիկ նորոգման ուղղությամբ: Ի՞նչ աշխատանքներ են իրականացվել նախորդ ուսումնականում

-Վարչատնտեսական աշխատանքների պատշաճ կազմակերպումն, անշուշտ, կարևոր է մի շարք առումներով. մաքրություն, սանիտարահիգիենիկ վիճակ, կարգուկանոն և այլն: Այս առումով պետք է նշեմ, որ շարունակաբար վերանորոգումներ են ընթանում բոլոր մասնաշենքերի լսարաններում, աշխատասենյակներում, միջանցքներում, պահակակետերում, կաթսայատներում, տանիքներում, նկուղներում: Իրավաբանական կլինիկայի և Հոգեբանական կենտրոնի աշխատանքներն ապահովելու համար կապիտալ վերանորոգվել են մի քանի աշխատասենյակներ: Մեր ուշադրության կենտրոնում են նաև համալսարանի բակի բարեկարգումն ու պարտեզների խնամքը:

եռուցման ցանցի բարելավման ուղղությամբ ինչպիսի՞ աշխատանքներ են իրականացվել:

-Ջեռուցման բարեկարգ ցանց ունենալու ուղղությամբ իրականացրել ենք մի շարք աշխատանքներ: Բացի այն, որ մասնակի փոխարինվել և վերանորոգվել է հիմնական մասնաշենքի ջեռուցման համակարգը, աշխատանքներ են ընթացել նաև մաշված կաթսայատների անխափան աշխատանքի ապահովման համար: Արդյունքում ջեռուցման շրջանում առաջացող խնդիրները հասցվել են նվազագույնի:

-Մասնաշենքերի ընթացիկ վերանորոգմանը զուգահեռ նկատելի է նյութատեխնիկական բազայի թարմացման գործընթացը: Իբրև պատասխանատու`  ի՞նչ կարող եք ասել այս առումով: Ինչպիսի՞ առաջընթաց է գրանցվել:

 -Նյութատեխնիկական բազայի թարմացումն ու համալրումը համալսարանի գերակա խնդիրներից է: Այս ուղղությամբ լուրջ ձեռքբերումներ ունենք: Այսպես` ուսումնագիտական աշխատանքների ապահովման համար ձեռք է բերվել 9.998.000 դրամ արժողությամբ համակարգչային տեխնիկա, որից 29-ը համակարգչային կոմպլեկտ` 5.935.000 դրամ արժողությամբ, 121.500 դրամ արժողությամբ մարզական գույք, 2.820.500 դրամ արժողությամբ կահույք, 1.230.000 դրամ արժողությամբ կենցաղային տեխնիկա: Առաջին անգամ ԱրՊՀ և «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շրջանակներում օտար լեզվի ուսուցման ծրագրի շրջանակում ձեռք է բերվել համակարգչային տեխնիկա` 570.000 դրամ արժողությամբ:

-ԱրՊՀ-ում գործում է նաև հյուրասենյակի և բուժկետի ծառայություններ: Նախորդ տարիների համեմատ ինչպիսի՞ տեղաշարժ է նկատվել այս ոլորտներում և ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում:

 -ԱրՊՀ կառուցվածքում կարևոր օղակներ համարվող հյուրասենյակն ու բուժկետը պահանջված գործառույթներ են իրականացնում: Համոզվելու համար ներկայացնենք մի քանի ցուցանիշներ: Այսպես, 2017թ. ընթացքում ԱրՊՀ հյուրասենյակի ծառայությունից օգտվել են 74 անձ, կեցության օրերը կազմել են 158 օր: 2017 թ. հյուրասենյակի ծառայությունից օգտվողների ցուցանիշը 2016թ. համեմատ նվազել է 6 մարդով, իսկ հյուրասենյակներում մնացած օրերի թիվը աճել է 20 տոկոսով: Բուժկետ են հաճախել 2544 մարդ, որից 1743 աշխատողներ և 801 ուսանողներ: 2016-2017 ուսումնական տարում ԱրՊՀ բուժկետ հաճախողների թիվը 2015-2016 թթ. համեմատ նվազել է 115-ով: Բուժկետի համար ձեռք է բերվել 230.1 հազար դրամ արժողությամբ դեղորայք:

-Պարո΄ն Առուշանյան, ինչպես գիտենք, առաջիկայում նախատեսվում են ԱրՊՀ գլխավոր մասնաշենքի վերակառուցման աշխատանքները, որի արդյունքում մայր բուհը կունենա ժամանակակից չափանիշներին համապատասխան շենքային պայմաններ: Ե՞րբ են մեկնարկելու աշխատանքները և ինչպիսի՞ ընթացք է նախատեսվում:

-Այս փուլում իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ: Մինչև մայիս պետք է ավարտենք տեղափոխման աշխատանքները, որի նպատակով համալսարանի գլխավոր մասնաշենքի մարդկային և նյութական ռեսուրսները մյուս մասնաշենքերում տեղաբաշխելու ծրագիրն ենք իրականացնում: