ՄԱՆՀԵԹԹԵՆՎԻԼ ՔՈԼԵՋԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅԱՆ ՊՐՈՖԵՍՈՐՆ ԱՐՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

12.03

2018

12.03.2018.1   12.03.201.2

12.03.2018.3   12.03.2018.4

Մարտի 12-ին ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես է եկել Նյու Յորքի Մանհեթթենվիլ քոլեջի փիլիսոփայության ֆակուլտետի դեկան, փիլիսոփայության պրոֆեսոր Շըվոն Նեշ-Մարշալը:

ԱրՊՀ քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնի վարիչ, փ.գ.թ., դոցենտ Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել պրոֆեսորին` հերթական այցելության համար՝ նշելով, որ նման այցերը նաև լավ հնարավորություն են` ծանոթանալու արտերկրում փիլիսոփայության դասավանդման մեթոդներին և եղանակներին, կապեր հաստատելու արտասահմանյան բուհերի հետ:

Շըվոն Նեշ-Մարշալը հայտնի է որպես ցեղասպանագետ  և հայոց ցեղասպանության խնդիրները գիտության և փիլիսոփայության տեսանկյունից ուսումնասիրող և մեկնաբանող: Վերջինս իր նախորդ երկու այցելությունների ընթացքում դասախոսության թեմա էր ընտրել հենց հայոց ցեղասպանության վերաբերյալ իրականացրած իր ուսումնասիրությունների արդյունքը, որն ամփոփված է համապատասխան աշխատությունում: Այս անգամ, սակայն, պրոֆեսորը հանդես եկավ մասնագիտական թեմայով դասախոսությամբ՝ առանցքում ունենալով փիլիսոփայության` որպես գիտաճյուղի, վերջին ձեռքբերումները:

Եվս մեկ հաճելի անակնկալ էր պատրաստել Նեշ-Մարշալը: Վերջին մեկ տարվա ընթացքում նա հասցրել էր սովորել հայերեն և ուսանողների հետ շփվեց նաև հայերենով. «Իմ նախորդ այցելության ժամանակ հրապարակավ խոստացել էի տիրապետել հայերենին: Դա ինչ-որ տեղ իմ պարտքն է, հարգանքի իմ տուրքը»:

Նշենք, որ Նեշ-Մարշալի հաջորդ այցն ԱրՊՀ նախատեսվում է սեպտեմբերին՝ հայոց ցեղասպանության թեմայով գրված նրա գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսի կապակցությամբ: