Օրերս ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված ինտելեկտուալ խաղը նվիրված էր արցախյան շարժման 30-ամյակին:
Խաղ-մրցույթին մասնակցում էին բանասիրական ֆակուլտետի ուսանողներց կազմված 3 և Վ. Ջահանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցի աշակերտներից կազմված 2 թիմեր: Մրցութային երկու փուլերով անցկացված խաղի արդյունքում հաղթող ճանաչվեց «Ռուսաց լեզու և գրականություն» բաժնի 4-րդ կուրսի թիմը:
Մասնակից բոլոր թիմերը պարգևատրվեցին գրքերով: Բացի հետաքրքիր հարցադրումներից, կազմակերպիչները պատրաստել էին նաև տեսահարցեր և երաժշտական հարցեր, որոնցից մեկը վերաբերում էր շարժումը խորհրդանշող «Վերադարձիր» երգին, որի խոսքերի և երաժշտության հեղինակը հանդիսատեսի շարքերում էր: Իրինա Փիրումյանը ներկայացրեց երգի ստեղծման պատմությունն ու դրա հետ կապված հետաքրքիր պատմություններ:
Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Նունե Առաքելյանը, ում անմիջական նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառումը, նշում է, որ մի քանի նպատակ են հետապնդել. «Այս անգամ ընտրել ենք այս ձևաչափը` ոչ միայն մրցելու գիտելիքներով, այլև զուգահեռաբար տեղեկություններ հաղորդելու մասնակիցներին և հանդիսատեսին»: Կազմակերպչի խոսքով, նույն նպատակին էր միտված նաև կոմպոզիտոր Ի. Փիրումյանի ներկայությունը: