Արցախի պետական համալսարան

 

IMG aa9418   IMG aa9445

 IMG aa9425   IMG aa9419

Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի նախաձեռնությամբ մարտի 15-ին պատմաիրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպում է ունեցել ԱՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմինե Ալեքսանյանը:

Հանդիպման ընթացքում բանախոսն անդրադարձավ քաղաքական դաշտում Արցախի Հանրապետության վերջին ձեռքբերումներին` արցախյան պատվիրակությունների Բրյուսել և ԱՄՆ կատարած աշխատանքային այցերի, սպասելիքների, անելիքների և արձագանքների համատեքստում:

Փոխնախարարը որոշակիորեն վերլուծեց երկու այցերը՝ դրանք որակելով հաջող և նշանակալի ձեռքբերումներ: Նրա խոսքով, Արցախի ցանկացած քայլ, որին Ադրբեջանն արձագանքում է բացասական նոտաների հղմամբ, արդեն իսկ դրական ազդեցություն է ունենում արցախյան կողմի համար: «Մեր հարևանների կողմից իրականացվող ցանկացած հակափիառային քայլ ճիշտ հակառակ ազդեցությունն է ունենում: Այս կամ այն երևույթի շուրջ բարձրացված նրանց հիստերիան ավելի շատ ուշադրություն է գրավում՝ հօգուտ մեզ»,- ասում է Ա.Ալեքսանյանը՝ հատկանշելով ամենաթարմ դեպքերը՝ այցերը Բրյուսել և ԱՄՆ:

Արտերկրում շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների, հանդիպումների ու այցերի նման ձևաչափերը, Ա.Ալեքսանյանի խոսքով, պատասխանատու կառույցի շեշտադրումն են: Քանի որ դիվանագիտական խողովակներով ճանաչման հասնել առայժմ անհնար է, ուստի, մի շարք նկատառումներից ելնելով, դրսում աշխատելը կարող է լուրջ ազդեցություններ և հետևանքներ ունենալ: Այս առումով փոխնախարարն ընդգծում է Արցախի հաջողությունները. «Ժողովրդավարական Եվրոպայում այսօր 200-ից ավելի ազգեր կան, որոնք պայքարում են ինքնության համար, իսկ Արցախին հաջողվել է անել անհնարինը՝ պատերազմի միջոցով հաստատել իր լինելիությունը որպես ազատ, անկախ, ինքնավար պետություն»:

Ա.Ալեքսանյանը երիտասարդության դերակատարության ընդգծմամբ անդրադարձել է նաև քաղաքացիական հասարակության ակտիվ կենսադիրքի անհրաժեշտությանը՝ նշելով դրական այն հետևանքները, որոնք կարող են ի հայտ գալ պահանջատեր քաղաքացու կյանքով ապրող երիտասարդության գործունեության արդյունքում: Բանախոսն այս առումով հղում է կատարել նախարարության նախաձեռնությամբ իրականացվող գործուն քայլերին՝ ընդլայնելու մայր բուհի համագործակցության շրջանակները, ներգրավելու տարբեր ոլորտների առաջատար մասնագետների: «Արտասահմանյան առաջատար բուհերի հետ համագործակցության արդյունքում այսօր ԱրՊՀ երկու ուսանող փոխանակման ծրագրով ուսանում են Հունգարիայի Պիտեր Պազմանի կաթոլիկ համալսարանում: Նախատեսում ենք նաև հրավիրել արտասահմանյան առաջատար մասնագետների՝ հանդես գալու դասախոսություններով: Այստեղ, սակայն, հանդիպում ենք խնդիրների. հասնում ենք մի փուլի, երբ բարեհաջող բանակցություններից հետո հասկանում ենք, որ լեզվական խնդիրը խոչընդոտ է»,- ասում է  Ա.Ալեքսանյանը՝ հորդորելով ուսանողությանը շտկել այն՝ օգտվելու միջազգային ծրագրերում ընդգրկվելու լավագույն հնարավորություններից: