Արցախի պետական համալսարան

IMG 9669    IMG 9618

IMG 960498    IMG 9594867

Մարտի 16-ին Արցախի պետական համալսարանում մեկնարկել են Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին նվիրված միջազգային գիտաժողովի աշխատանքները, որին մասնակցում են 32  բուհերի, գիտական կազմակերպության ավելի քան 120 մասնակից:

Նախքան լիագումար նիստի մեկնարկը՝ գիտաժողովի մասնակիցներն ու համալսարանականները ծաղիկներ են խոնարհել ԱրՊՀ զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո տրվել է գիտաժողովի մեկնարկը:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ԱՀ ԱԺ նախագահ, ԱրՊՀ խորհրդի նախագահ Աշոտ Ղուլյանը, ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:

ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել գործընկեր բուհերին և գիտաժողովի մասնակիցներին՝ հրավերն ընդունելու և մասնակցության համար: Մ.Մինասյանն ընդգծել է վերջին երեք տասնամյակում Արցախի պետականաշինության ճանապարհին ունեցած ձեռքբերումները. երկրի, նրա ազատության և անկախության պաշտպանություն, պատերազմի հետևանքով գրեթե հիմնովին ավերված տնտեսության վերականգնում, որի արդյունքում Արցախը թևակոխել է կայուն զարգացման փուլ:

Հայոց պատմության դարակազմիկ իրադարձություններից առանձնացնելով 1988 թվականի շարժումը՝ ռեկտոր Մ. Մինասյանը կարևորել է 30-ամյակին նվիրված գիտաժողովի կազմակերպումը և նշել, որ ներկայիս սերունդը պատրաստակամ է կրկնապատկելու ձեռքբերումները:

«Ղարաբաղյան շարժումը մեզ պատգամում է հավատարիմ մնալ իրենց կյանքը սերունդների ազատության և բարօրության պայքարի զոհասեղանին դրած հայորդիների հիշատակին: Լինել տերը սեփական ճակատագրի և նախնյաց ժառանգության»,- հավելել է ռեկտորը՝ հույս հայտնելով, որ գիտաժողովի շրջանակներում ներկայացված զեկուցումները կարևոր կռվաններ կհանդիսանան Արցախի Հանրապետության ճանաչման ու բարգավաճման համար:

ԱՀ ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը գոհունակությամբ նշեց, որ Արցախի մայր բուհում ավանդույթի է վերածվել հայ ժողովրդի տարեգրության կարևորագույն տարեթվերին նվիրված գիտական միջոցառումների կազմակերպումը, ապա ներկաներին ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ինչպես 1988-ին, այնպես էլ 30 տարի անց՝ 2018-ին, համաժողովրդական հանրահավաքը մեկնարկել է հենց համալսարանից:

ԱԺ նախագահը տեղին է համարում անդրադարձը բեկումնային այդ իրադարձության բովանդակությանն ու նշանակությանը` նշելով, որ գիտական միջոցառումները քայլեր են՝ ուսումնասիրելու ղարաբաղյան շարժման և հաջորդած տարիների գիտական արժեքը:

«Գիտաժողովը մեծարժեք քայլ կարող է լինել ղարաբաղյան շարժման և հաջորդած տարիների գիտական արժեքն ու կարևորությունը, դրա շուրջ կառուցվող ակադեմիական նյութը ոլորտային տարբեր ուղղություններով ուսումնասիրելու համար: Գիտականորեն հիմնավորված կարծիքներն ու մտքերը, անկասկած, հնարավորություն կտան ավելի խորը և համապարփակ ընկալելու այդ իրադարձության բովանդակությունն ու նշանակությունը»,- ասել է Ա. Ղուլյանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ ԱՀ ԿԳՍ նախարար Ն. Աղաբալյանը  նշել է, որ դժվար է  պատկերացնել, թե ինչպիսին կլիներ տարածաշրջանը և ուժային կենտրոնների հարաբերակցությունը, եթե Արցախը չդիմագրավեր ադրբեջանական ագրեսիան, որը միաժամանակ կարողացավ պետություն կերտել ժողովրդավարության և միջազգային իրավունքի տառին հավատարիմ՝ չունենալով նախադեպ և փորձ: Ըստ Ն. Աղաբալյանի` այդ ճշմարտությունը միջազգային հանրությանը հասցնելու նպատակ պիտի ունենա գիտաժողովը:

«Արցախի մայր բուհը, 88-ին Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտն այն օջախներից էր, որը կյանք տվեց ազատության և անկախության գաղափարին և կյանքեր զոհաբերեց այդ գաղափարի իրագործմանը: Նույն բուհում սովորում է  անկախության սերունդը, որը տերն է անկախության նվաճումներին և որը Արցախի համար ապահովելու է լուսավոր ապագա»,- վստահ է նախարարը:

Լիագումար նիստի ընթացքում ԱրՊՀ գիտության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը հրապարակեց «Նորանկախ պետությունների համալսարանների համագործակցության ասոցիացիա»-ի նախագահ Բերիլ Ստեփան Իորդանի ողջույնի խոսքը:

Լիագումար նիստում զեկուցումներվ հանդես եկան Ալեքսանդր Մանասյանը, Լարիսա Ալավերդյանը, Լուսինե Մարգարյանը, որից հետո գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին պատմության, գրականության, լեզվաբանության, քաղաքագիտության և իրավագիտության, տնտեսագիտության և աշխարհագրության, մանկավարժության և հոգեբանության մասնախմբերում: