Արցախի պետական համալսարան

IMG 9904   IMG xn9915

IMG xn9917   IMG xn9921

Մարտի 19-ին գումարված ԱրՊՀ խորհրդի նիստում քննարկվել են  հայեցակարգային մի քանի փաստաթղթեր, որոնցում ամփոփված են համալսարանի անելիքներն ու ակնկալվող զարգացման հնարավորությունները:

Օրակարգային հարցերում ընդգրկված էին «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի 2018-2023 թթ. զարգացման ռազմավարական ծրագրի և առաքելության ու նպատակների քննարկումը:

ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ներկայացրել է վերոնշյալ երկու փաստաթղթերի կառուցվածքը, էությունը, նպատակն ու խնդիրները, պարզաբանել որոշ մանրամասներ: Ռեկտորը կարևորել է նաև փաստաթղթերի մշակման նպատակով կազմավորված աշխատանքային խմբերի պատասխանատու վերաբերմունքի անհրաժեշտությունը՝ նկատելով, որ երկու փաստաթղթերի հիմքում ընկած է հայաստանյան առաջատար բուհերի փորձը: Հաշվի են առնվել նաև տեղի առանձնահատկություններն ու հնարավորությունները:

ԱրՊՀ խորհրդի նախագահ, ԱՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդհանուր առմամբ հաջողված է համարում փաստաթղթերը, սակայն խմբագրական որոշակի աշխատանքների անհրաժեշտություն է տեսնում:

 «Հաշվի առնելով փաստաթղթերի ընդգրկունությունը՝ պետք է հնարավորինս խուսափենք ընդհանրական ձևակերպումներից՝ տուրք տալով կոնկրետ և միաժամանակ ճկուն դրույթների»,- ասում է Ա. Ղուլյանը և հավելում, որ առաքելության համար բավականին բարձր նշաձող է սահմանվել, ինչի իրացման համար անհրաժեշտ է ոչ միայն համալսարանի ղեկավարության, այլև ներքին և արտաքին շահակիցների ջանքերը:

 «Յուրաքանչյուր ոլորտում ճիշտ քաղաքականության համար անհրաժեշտ է ունենալ ճիշտ մշակված ռազմավարություն: Առաջարկվող ռազմավարությունը լայն իմաստով Արցախում բարձրագույն կրթության կազմակերպման ռազմավարությունն է, ուստի ոլորտի խնդիրները պետք է լինեն յուրաքանչյուրիս ամենօրյա մտահոգության առանցքում»,- նշում է ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:

Օրակարգային երկու հարցերի միաձայն հաստատումից հետո այլ հարցերում խորհուրդը քննարկել է համալսարանի կարգավիճակի հարցը՝ առաջարկելով ՊՈԱԿ-ը վերափոխել հիմնադրամի: